2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. վարչապետ
Առաջին բանը, որ ուզում եմ ասել 2025 թվականի պետական բյուջեի մասին, հետևյալն է. որ, ըստ էության, մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135 տոկոսով, ինչը նշանակում է, որ կարող ենք արդեն վստահ պնդել՝ հեղափոխությանը հաջորդող 8 տարիների ընթացքում ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են: Այս մասին 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ըստ էության, 2024 թվականին էլ ֆորմալ առումով դա կարող էին ասել, որովհետև 2024-ի պետբյուջեի եկամուտները 2017-ի համեմատ ավելացել էին 106 տոկոսով:
«2017 թվականից մենք, արդեն գնաճի ամբողջ ցուցանիշը հանած, կարող ենք ասել, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք բոլոր պարամետրերով 2017-ի համեմատ պետբյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք: Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ չնայած թվային ցուցանիշ է, սակայն ունի մեծ բովանդակություն:
Նրա խոսքով՝ այդ բովանդակությունն առաջին հերթին մեր տնտեսության աճն է, ինչը հնարավորություն է տալիս անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ:
«2025-ը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք հաստատված խաղաղություն ու ըստ էության՝ հակամարտության ավարտ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետք է արձանագրենք, որ 2026-ին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերարձանագրվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- ընդգծեց վարչապետը: