Հայաստանում չպետք է լինի առևտրային գործարք, որը ՀԴՄ-ն չգեներացնի. Փաշինյան
Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է, որ ՀԴՄ կտրոնն ունենա նույն բովանդակությունը՝ անկախ շրջանառության չափից:
Գործող կարգավորման համաձայն՝ եթե նախորդ տարվա շրջանառությունը գերազանցում է 24 մլն դրամը, տնտեսվարողը պարտավոր է ՀԴՄ-ի վրա գեներացնել ապրանքի անվանում, ծածկագիր, աշխատանքի կամ ծառայության անվանում, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև ճաշացանկ, գնվող ապրանքի քանակ ու չափման միավոր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ մինչև 24 մլն դրամի համար բացառություն էր սահմանված:
«Այս դեպքում կա մի խնդիր, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ տեղավորվում են այս շեմի ներքո և խանգարում են փոքրերին, նաև ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ, նաև՝ ստվեր:
Երկրորդ խնդիրն այն է, որ վարչարարության արդյունավետությունն է ընկնում, որովհետև 24 միլիոնից ցածր ապրանքների դեպքում տեսանելի չեն ապրանքը և գործարքը»,- ասաց նա՝ նշելով, որ առաջարկվում է միասնականացնել կանոնը, ըստ այդմ՝ ՀԴՄ կտրոնը պետք է ունենա նույն բովանդակությունը՝ անկախ շրջանառությունից:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում չպետք է լինի առևտրային այնպիսի գործարք, որը ՀԴՄ-ն չգեներացնի:
«Ճամփեզրերին տարբեր տիպի առևտրային գործունեություն ծավալողները՝ սկսած եգիպտացորեն վաճառողից, չիչխան, սունկ վաճառողից, առևտրային գործարքից պետք է գեներացնեն որոշակի հարկ: Որ այս տրամաբանությամբ գնանք, և քաղաքացին ինֆորմացիան ստանա, տեսնի դրա ազդեցությունն իր կյանքի վրա՝ առողջության ապահովագրություն, ճանապարհներ, դպրոցներ, անվտանգություն և այլն, մարդկանց համար կյանքը, պետությունն ավելի հասկանալի ու տեսանելի կլինեն:
Շատ կարևոր է, որ այդ զգացողությունը փոխանցենք մարդկանց, որ ոչ թե իրենցից կտրում են, տալիս են ուրիշին, այլ իրենք գեներացնում են իրենց համար»,- պարզաբանեց Փաշինյանը: