«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարար
Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են նախարարությունից, ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի առաջարկած «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը։ Բացի այդ, շեշտվել է, որ «Միջին միջանցքը» ամրապնդում է տրանսպորտային կապերը Չինաստանի և Եվրոպայի միջև, իսկ «Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև։
«Մեր առաջնորդների քաղաքական կամքով պայմանավորված՝ հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նպաստում է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և մաքուր էներգիայի ոլորտում համատեղ նախագծերի զարգացմանը։ Չինական ընկերությունների հետ բազմաթիվ համաձայնագրերի ստորագրումը (որոնք վերաբերում են ցամաքային արևային և ծովային հողմային էներգետիկային, էներգիայի կուտակմանը, ինչպես նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքներին), «China Energy»-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատումը, արևային էլեկտրակայանի վերջերս շահագործման հանձնումը և էլեկտրացանցերի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը այս քաղաքականության կոնկրետ արդյունքներն են», — հավելել է նախարարը։