Վճռաբեկ դատարանի որոշմամբ փորձելու են ընտրություններից առաջ չեզոքացնել Դավիթ Համբարձումյանին. Փաստաբան
Մեր հրատապ ասուլիսը պայմանավորված է նրանով, որ Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 13-ին մասնակցելու է Մասիս համայնքի ՏԻմ ընտրություններին, «Կառուցող համայնքի» առաջին համարն է։ Համբարձումյանը ընդդիմադիր գործիչ է, և Մասիս համայնքն էլ բնութագրվում է որպես ընդդիմադիր հայացքներ կրող համայնք և, դրանով պայմանավորված, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ առկա է քրեական գործ, ասուլիսի ժամանակ հայտարարեց Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա նշեց՝ երեկ Վճռաբեկ դատարանից ծանուցում են ստացել, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 27-ին հրապարակվելու է Համբարձումյանի գործով վերջնական որոշումը.
«Մենք Վճռաբեկ դատարանի հրատապությունը պայմանավորում ենք դեկտեմբերի 13-ի ընտրություններով։ Ունենք մտահոգություններ, որ Վճռաբեկ դատարանը կայացնելու է այնպիսի որոշում, որով կունենան հնարավորություն դեկտեմբերի 13-ի ընտրություններին Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու։ Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ էր ընդունել ընդամենը հոկտեմբերի 19-ին, և թերևս իմ գործունեության ընթացքում չի հանդիպել որևէ դեպք, երբ դատական ակտի ստուգման արդյունքում դատարանն այդքան արագ որոշում կայացնի։ Դա ուղղակի կապակցված է լինելու քաղաքական շահի սպասարկմամբ»։
Պապոյանը նշեց, որ արդեն գրություններ են ուղարկել ԵԱՀԿ համապատասխան կառույցներ։
Հարցին՝ տարօրինակ չի՞, որ ՔՊ-ական թեկնածուն, ով անցնում է ապօրինի գույքի բռնագանձմամբ, հանգիստ իր քարոզարշավն է իրականացնում, իսկ Համբարձումյանի նկատմամաբ այսպիսի խոչընդոտներ են ստեղծվում՝ Պապոյանը նկատեց. «ՔՊ-ական թեկնածուն հանգիստ իր համար շրջում է։ Մենք Դավիթ Համբարձումյանի միայն փաստաբանները չենք, մենք նրա ընկերներն ենք, Մասիսի համայնքի բնակիչներ ենք, մասնակցելու ենք նաև ՏԻՄ ընտրություններին»։