Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հրապարակել է Սահմանադրության նոր նախագիծը։ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի նախաբանում այլևս հիշատակված չէ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որին հղում է կատարվում գործող Սահմանադրության նախաբանում։ Նախագծից բացակայում են նաև հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, ազատասեր նախնիների պատգամին ու հայրենիքի հզորացմանը վերաբերող ձևակերպումները։
Փոխարենը շեշտադրվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ և անվտանգ պետություն կառուցելու նպատակն ու Սահմանադրությունը որպես ժողովրդի հավաքական պայմանավորվածություն դիտարկելու գաղափարը։
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանը՝ ստորև․
«Նոր Սահմանադրություն Նախաբան Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Ներքևում՝ գործող Սահմանադրության ու նոր նախագծի նախաբանների տարբերությունները․ Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ «Հայ ժողովուրդը»
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» Հղում Անկախության հռչակագրին Հղումը բացակայում է «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»
Այս ձևակերպումը բացակայում է «Ազատասեր նախնիների սուրբ պատգամը» Այս ձևակերպումը բացակայում է «Հայրենիքի հզորացում և բարգավաճում» «Անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն» Առանձին հիշատակվում են համամարդկային արժեքները և քաղաքացիական համերաշխությունը Շեշտադրվում է Սահմանադրությունը՝ որպես հավաքական պայմանավորվածություն Միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին ձևակերպում չկա Հստակ նշվում է «մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում» Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության ընդունման և հատկապես դրա նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցում իշխանության և ընդդիմության դիրքորոշումները կտրուկ տարբերվում են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Նա իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Հռչակագիրը կառուցված է հակամարտության տրամաբանության վրա, իսկ նոր Սահմանադրությունը պետք է համապատասխանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը և խաղաղության օրակարգին։
Իշխանությունը միաժամանակ հերքում է, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ադրբեջանի պահանջով։
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պնդում են, որ իշխանությունն Անկախության հռչակագրին հղումը հեռացնում է Բաքվի պահանջով։
Ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր հայտարարել են նոր Սահմանադրության ընդունմանը դեմ հանդես գալու մասին։
Ադրբեջանն իր հերթին Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը համարում է խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ՝ պնդելով, թե փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանն ընդդիմությանը նաև քաղաքական առաջարկ է արել․
եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ինքը հրաժարական կտա, իսկ ընդունվելու դեպքում հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրվի։
Վարչապետը սա ներկայացրել է որպես ընդդիմության համար իր հեռացումն ապահովելու երկու հնարավոր տարբերակ։
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար Ազգային ժողովում անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ։ Այսպիսով, գործող խորհրդարանական հարաբերակցության պայմաններում իշխանությանը պակասում է առնվազն վեց ձայն։