«Երաժշտությունը կյանքի կոչում է, ոչ թե ուղղակի մասնագիտություն». Սոնա Վարպետյանի անցած ճանապարհը, Broadway-ի բեմերն ու ազգային երաժշտության առաքելությունը
Դասական օպերային բեմերից մինչև Broadway-ի հայտնի մյուզիքլներ, համաշխարհային աստղերի հետ համագործակցությունից մինչև հայկական էթնիկ երաժշտության տարածում ողջ աշխարհում․ երգչուհի Սոնա Վարպետյանի ստեղծագործական ճանապարհն իսկական երաժշտական ոդիսական է։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու Գերմանիայի Lotte Lehmann ակադեմիան ավարտելուց հետո նա փայլել է եվրոպական լավագույն բեմերում, սակայն նրա արվեստը չսահմանափակվեց միայն դասական ժանրով։ Հայաստանի պետական ջազ նվագախումբ, աղմկահարույց «Հայ համերգ» ու «BURLESQUE» նախագծեր, իսկ այնուհետև՝ Silversea Cruise Line-ի ու Royal Caribbean-ի մեծածավալ շոուներ, որտեղ նա որպես առաջատար վոկալիստ մարմնավորել է Broadway-ի ամենահայտնի կերպարները։
Այսօր Սոնա Վարպետյանը «MegaNews»-ի հետ էքսկլյուզիվ զրույցում պատմում է Grammy-ի և Emmy-ի նոմինանտ Ալան Ռիչի հետ հուզիչ հանդիպման, համաշխարհային մեծության արտիստների հետ նույն բեմը կիսելու, «Հայաստանի ձայն» մրցանակին արժանանալու և կյանքի նոր՝ հեքիաթային փուլի մասին։
— Սոնա՛, Ձեր երաժշտական ուղին սկսվել է դասական կրթությունից։ Ինչպե՞ս ստացվեց անցումը օպերային արվեստից դեպի ջազ և մյուզիքլային ժանր։
— Անցնելով երաժշտական ու կրթական մեծ ճանապարհ՝ դասական երաժշտության ասպարեզում արձանագրել եմ բավականին լուրջ հաջողություններ։ Կրթությունս սկսվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, այնուհետև շարունակվել Գերմանիայի Lotte Lehmann ակադեմիայում։ Դրան հետևեցին բազմաթիվ համերգային տուրեր, փառատոներ, շրջագայություններ գրեթե ողջ Եվրոպայով, միջազգային մրցույթներ ու հաղթանակներ, ինչպես նաև օպերային ներկայացումներում գլխավոր դերեր։
Որոշ ժամանակ անց դադարեցի zbաղվել երաժշտությամբ։ Մեկ տարվա դադարից հետո, սակայն, սկսվեց իմ երաժշտական նոր փուլը․ հրավեր ստացա Հայաստանի պետական ջազ նվագախմբից, իսկ 2019 թվականին «Sharm Holding»-ը հիմնադրեց «Հայ համերգ» նախագիծը։ Ընտրվեցին վեց տաղանդավոր երգիչներ (Արմեն Չամիչյան, Սարո Գևորգյան, Վահե Ալեքսանյան, Մանե Տոնոյան, Անահիտ Հակոբյան և ես), և սկսվեցին անդադար փորձերը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 21-ին և 22-ին, Dvin Music Hall-ում տեղի ունեցավ երկու շքեղ մենահամերգ, որոնց հետևեցին տեսահոլովակներն ու հեռուստանկարահանումները։ «Հայ համերգը» աննախադեպ նախագիծ էր, նորովի և ժամանակակից շնչով կատարվեցին հին կոմպոզիտորական, աշուղական, գուսանական ու ժողովրդական մոռացված երգեր։ Սա մեծ սկիզբ էր, որը ևս մեկ անգամ հիշեցրեց մեր ակունքների, սիրված, բայց, ցավոք, մոռացության մատնված երգիչների ու ստեղծագործությունների մասին։
— Համավարակի շրջանը շատ արտիստների համար դարձավ դադարի շրջան, սակայն Ձեզ համար այն բացեց նոր դռներ։ Ինչպե՞ս սկսվեց «BURLESQUE»-ի պատմությունը։
— Համավարակի ընթացքում պլանավորվում էր Հայաստանում առաջին անգամ բեմադրել «BURLESQUE» մյուզիքլը։ Պարուսույց Մանուել Մանուկի և ստեղծագործական տնօրեն Ջոն Մկրտչյանի կողմից հրավեր ստացա խաղալու այդ ներկայացման գլխավոր դերում։ Այն ամբողջությամբ live (կենդանի) ներկայացում էր, իսկ պարուհիները հրավիրված արտիստներ էին Ուկրաինայից և Հայաստանից։ Ներկայացումը բեմադրվեց Benedict-ում, և 2021 թվականի հոկտեմբերից սկսած՝ ներկայացումները շարունակվեցին 8 ամիս։
Զուգահեռ նկարահանվեց իմ «Afterparty» երգի տեսահոլովակը, որը բավականին սիրվեց։ Հաջորդեցին այլ նախագծերի առաջարկներ, և 2022-ի ամռանը մեկնեցի Կարակոլ՝ մասնակցելու ամենամյա փառատոնին, որտեղ ներկայացրի Հայաստանը։
— Դրանից հետո Սկսվեց միջազգային համագործակցությունների մի փառահեղ փուլ՝ Silversea Cruise Line-ի և Royal Caribbean-ի շրջանակներում։ Ի՞նչ տվեց Ձեզ այդ փորձառությունը։
— 2022 թվականի հոկտեմբերին, առաջարկ ստանալով կանադացի հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և դիրիժոր Ռաֆայել Դերքսոնից (Raphael Derkson), մեկնեցի պատրաստվելու կյանքիս հերթական փորձարարական շրջանին։ Ստեղծվում էր նոր (production cast) Մոնակոյի հայտնի նավարկային լայներների (cruises) համար, որտեղ բեմադրվում էին Broadway-ի բոլոր ժամանակների հայտնի մյուզիքլները։ Ընկերությունը կոչվում էր Silversea Cruise Line, որը հետագայում համալրեց Royal Caribbean-ի շարքերը։ Այս պայմանագրերի ընթացքում որպես առաջատար վոկալիստ (lead vocalist) հանդես եկա մի շարք հայտնի մյուզիքլներում՝ «Jersey Boys», «Grease», «Kaleidoscope», «Motown», «Limelight», «Show Must Go On», «Wicked», «The Greatest Showman» և այլն։
Զուգահեռաբար հանդես եկա իմ «Welcome to my world» մենահամերգային ծրագրով։ Այն յուրահատուկ էր նրանով, որ համաշխարհային հիթերից զատ ներառված էր նաև հայկական էթնո երաժշտություն, որն արտասովոր ջերմությամբ էր ընդունվում եվրոպացի և ամերիկացի հանդիսատեսի կողմից։ Գաղափարն այն էր, որ այդ կարճ ժամանակահատվածում օտարերկրացիներին ծանոթացնեի հայ երաժշտությանն ու մշակույթին։ Արդյունքում հետագայում բազմաթիվ օտարազգի հյուրեր ունեցանք Հայաստանում, ինչի համար անչափ ուրախ եմ։
— Դուք բախտ եք ունեցել համագործակցելու համաշխարհային մեծության աստղերի հետ։ Ո՞ր հանդիպումներն եք առանձնահատուկ հիշում։
— Հանդիպումներն ու համագործակցություններն իսկապես շատ են եղել։ Հիշարժան էր իմ ելույթը Մարտին Քեյի (Martin Kaye) հետ, երբ նրա բենդի ելույթի ժամանակ միասին կատարեցինք Ալիշա Քիզի (Alicia Keys) «If I Ain’t Got You» հիթը։
Իսկ կյանքիս ամենահուզիչ ծանոթությունը կայացավ 2023 թվականի մարտին, երբ «The Greatest Showman» մյուզիքլի փորձի ժամանակ թատրոնում տեսա Ալան Ռիչին (Allan Rich)։ Նա «Grammy», «Golden Globe» և «Emmy» մրցանակների կրկնակի նոմինանտ է, համաշխարհային հիթերի հեղինակ։ Նրա գրած «Run to You» երգը, որը «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքն է՝ Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ, մնացել է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Ալան Ռիչից հրավեր ստացա նրա շոուի ժամանակ կատարելու այդ ֆենոմենալ երգը։ Շոուի ավարտին իմ կատարմամբ հնչեց «Run to You»-ն։ Տարիներ անց մենք կրկին հանդիպեցինք Լոս Անջելեսում, և հպարտ եմ, որ այսքան ջերմ ու բարեկամական կապ ունեմ նման լեգենդար մարդու հետ։
Առիթ եմ ունեցել ծանոթանալու Broadway-ի այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Ռոջեր Ռայթը (Roger Wright՝ «The Lion King»-ի առաջին Սիմբան) և Ռեյչել Յորքը (Rachel York՝ «Հրեշտակների քաղաքը», «Թշվառները»)։ Նույն բեմում հանդես եմ եկել իտալացի բարիտոն Ջովաննի Պալմիերիի (Giovanni Palmieri), Հարավային Աֆրիկայից Մայլս Հարթմանի (Miles Hartman), «X Factor»-ի հաղթող Թապելո Մոլոմոյի (Thapelo Molomo), Սիբուսիսո Դլուդլուի (Sibusiso Dludlu), Դեյլին Սասսի (Daylin Sass) հետ։
Նաև երգել եմ տաղանդավոր դաշնակահար Հերման Ջեքսոնի (Herman Jackson) հետ, ով նվագակցում է Սթիվի Ուանդերին (Stevie Wonder), և հանդես եմ եկել Մայքլ Օրլանդի (Michael Orland) դաշնամուրային նվագակցությամբ, ով 16 սեզոն «American Idol»-ի վոկալի ուսուցիչն է եղել։
— Չնայած միջազգային հաջողություններին՝ Դուք մշտապես կապված եք Հայաստանին և հայկական բեմին։ Ի՞նչ նոր նախագծեր ունեցաք վերջին շրջանում։
— Ժամանակ առ ժամանակ վերադառնալով Հայաստան՝ փորձում էի շարունակել իմ նոր երգերի ձայնագրությունները, և 2024 թվականի ամռանը ստեղծվեց «Բարեկենդան» երգն ու դրա տեսահոլովակը (նկարահանված Արմեն Փիթի Մաշիի և մեծ թիմի կողմից)։ Դրան հետևեց հրավեր՝ մասնակցելու «BARBUD» միջազգային մրցանակաբաշխությանը, որի բացումը տեղի ունեցավ հենց «Բարեկենդան» երգով, և ինձ հանձնվեց «Հայաստանի ձայն» մրցանակը։
2024 թվականի հուլիսին Երևանում «Agelucu» AMSK հիմնադրամի Ազգային երգի mրցույթում ընդգրկված էի ժյուրիի կազմում։ Իսկ 2025 թվականի մարտից հանդիսանում եմ «Հայկական Ազգային Երաժշտական Ակադեմիայի» ժյուրիի անդամ, ինչն ինձ համար շատ կարևոր ձեռքբերում է։
Անմոռանալի են նաև իմ համերգները Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, որտեղ ելույթ էի ունենում «Երևանյան ծրագրով»։ 2017 թվականի «Երևանի օրերը Շտուտգարտում» փառատոնի բարեգործական մենահամերգի տոմսերը սպառվել էին նախապես, և հանդիսատեսն այնքան ջերմ էր ընդունում, որ համերգի վերջում բաց չէր թողնում բեմից։
— Ի՞նչ պլաններ ու ստեղծագործական երազանքներ ունեք ապագայի հետ կապված։
— Այժմ ևս շարունակում եմ ստեղծագործել, համերգներ ունենալ ու նոր երգեր գրել, բայց հույս ունեմ, որ դեռ կվերադառնամ իմ սիրելի գործընկերներին և մյուզիքլային ժանրին։ Հենց կյանքիս այս փուլում հանդիպեցի իմ երկրորդ կեսին, և իմ հրաշք ընտանիքի պատմությունը նույնքան հեքիաթային է, որքան իմ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերը։
Չնայած նրան, որ ես ի սկզբանե կրթվել եմ որպես օպերային երգչուհի, տարիներ անց, բոլորովին այլ ուղղվածությամբ, բայց նույնքան սիրով շարունակում եմ երգել ու ստեղծագործել աշխարհի ցանկացած կետում՝ միշտ հիշելով և պահպանելով հայ երաժշտությունը։
Սոնա Վարպետյանի պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ իսկական տաղանդն ու նվիրումը չունեն սահմաններ։ Դասական երաժշտության խորությունից մինչև ջազի ազատություն ու Broadway-ի փայլ, նա յուրաքանչյուր բեմում ու նախագծում կարողացել է պահպանել իր ինքնատիպությունն ու հայկական արմատները։ Աշխարհի տարբեր անկյուններում հնչեցնելով հայկական երգը, համաշխարհային մեծության արտիստների հետ կողք կողքի ելույթ ունենալով և նոր սերնդին ոգեշնչելով՝ երգչուհին շարունակում է իր երաժշտական հարուստ առաքելությունը։ Իսկ կյանքի այս նոր փուլում, երբ ստեղծագործական հաջողություններին միահյուսվել է նաև ընտանեկան ջերմությունն ու հեքիաթը, վստահաբար կարող ենք ասել, որ Սոնայի արվեստի ամենավառ ու հուզիչ էջերը դեռ առջևում են։
«Մեգանյուզ»լրատվական