ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

 

 

Ծավալուն ելույթի ընթացքում ի թիվս մի շարք թեմաների՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է բյուջետային եռօրյա քննարկումների ժամանակ ընդդիմության հնչեցրած թեզերին, իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին ու մի շարք հակափաստարկներ ներկայացրել։ Նիկոլ Փաշինյանը խոսել է ընդդիմության ծրագրային թեզերի ու առաջարկած մի շարք անընդունելի դրույթների, մեր երկրում տեղի ունեցող քաղաքական իրողությունների ու օրակարգային առաջնահերթ խնդիրների մասին։

 

 

«Քաղաքական այս ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ ու խոսում են անկախության հռչակագրի պաշտպանությամբ և գործող Սահմանադրության պաշտպանությամբ, իրենք հանդես են գալիս մեր երկրի բովանդակության մեջ պատերազմի և կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու ու պահպանելու տրամաբանությամբ»,- ընդգծել է գործադիրի ղեկավարն ու փաստել․ «Այն հանրաքվեն, որն առաջարկվում է, ոչ միայն Սահմանադրության հանրաքվե է։ Այն, նոր Սահմանադրության հանրաքվե լինելով, նաև անկախության հանրաքվե է, որովհետև մենք կոնֆլիկտի ու ապապետականության և պատերազմի ԴՆԹ-ն (պետության ԴՆԹ-ի մասին է) առաջարկում ենք փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության ազատության և անկախության ԴՆԹ-ով»։ 

 

 

Վարչապետը տեղեկացրել է, որ երկուշաբթի օրն Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ինքն ուղերձով կդիմի ժողովրդին։

 

 

«Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ամբողջ խմբակցությամբ չքվեարկեն, և մենք գնանք հանրաքվեի, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես։ Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեին, ընթացքում նոր Սահմանադրությանը, այսինքն՝ իմ փաստարկները համոզիչ չեն թվա մեր հանրությանը, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ՝ հաջորդ ընտրություններում, ընդ որում հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- ելույթի ընթացքում իր առաջարկին է անդրադարձել ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Այս թեմայով
am