«Ժողովուրդ». Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սահմանների պահպանության համակարգում առաջիկայում լուրջ փոփոխություններ են նախատեսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է քննարկումներ Սահմանապահ ծառայության վերափոխման շուրջ, ընդ որում՝ հարցը միայն ծառայության տեխնիկական կարողությունների զարգացումը չէ։ Խոսքը Հայաստանի պետական սահմանների ամբողջական վերահսկողությունը հայկական ուժերին փոխանցելու, սահմանապահ համակարգի կառուցվածքը փոխելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Սահմանապահ ծառայության վերափոխման հարցով տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ինչպես նաև իրավապահ և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։
Այսինքն՝ քննարկմանը ներգրավված են եղել ոչ միայն սահմանապահ ծառայության անմիջական պատասխանատուները, այլև երկրի անվտանգության համակարգի առանցքային պաշտոնյաները։