Վրաստանի արտգործնախարարի Բաքու այցը տարաձայնությունները չի հաղթահարել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Նոյեմբերի 24-ին Վրաստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցել է Բաքու։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այնուհետև Բոճորիշվիլին բանակցություններ է վարել ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են վրաց-ադրբեջանական «ռազմավարական համագործակցությունը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև խաղաղության կարևորությունը»։

Նոյեմբերի 20-ին քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն Իրանին մեղադրել է Վրաստանի Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիների շրջանում կրոնական արմատականություն և հակադրբեջանականություն սերմանելու մեջ։ Նա ելույթը ավարտել է «ամոթ Բորչալուի տղամարդկանց» հայտարարությամբ։

Ահմեդօղլուի հայտարարությունը Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում բողոքի առիթ է տվել։ Նոյեմբերի 26-ին ադրբեջանական AzNews.az տեղեկատվա-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Թալեհ Շահսուվարովը ֆեյսբուքում գրել է․ «Ըստ ամենայնի, Վրաստանի կառավարությունը Բորչալուի բնակչությանը գաղափարական վերահսկողության տակ վերցնելու լայն հնարավորություն է ստեղծել Իրանի համար»։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պետք է խնդրին «գերլրջությամբ մոտենա և մշակի երկարաժամկետ ծրագիր»։ Բոճորիշվիլիի Բաքու այցին ընդառաջ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի ոստիկանական ուժերը նոյեմբերի 23-ին՝ Գիորգոբա տոնի օրը, Գախի շրջանում փակել են Քուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցու ճանապարհը և տեղաշրջանի վրացի հավատացյալներին զրկել այնտեղ մուտք գործելու իրավունքից։

Քուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցում Ադրբեջանը ամիսների առաջ «հնագիտական պեղումներ և վերականգնողական աշխատանքներ» է սկսել։ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը այդ առթիվ դժգոհություն է հայտնել, ինչին պաշտոնական Բաքուն ԱԳՆ մակարդակով պատասխանել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր հուշարձանները «ադրբեջանական ժողովրդի և նրա պետության սեփականությունն են»։

Չնայած Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները պաշտոնապես համարվում են «ռազմավարական-գործընկերային», ավելի քան երեսուն տարի տևող սահմանազատման գործընթացը դեռևս ավարտված չէ։ Ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում, որ Արևելյան Վրաստանը «օղուզական նախահայրենիք է»։ Պատմաբան Զաուր Ալիևի պնդմամբ՝ «ներկայիս Վրաստանը պետություն է կառուցել 1922 թվականի հոկտեմբերի 15-ին իրենց զիջված ադրբեջանական հողերի՝ Ղարայազիի (4.564,6 քառ. կմ), Բորչալուի մի մասի (5.161,4 քառ. կմ), Սիղնախի (6.832,6 քառ. կմ) և այլ տարածքների հետ միասին՝ ընդհանուր 16.558,6 քառ. կմ մեր տարածքի վրա»։

Տպավորություն է, որ Վրաստանի արտգործնախարարի Բաքու «կրիզիս-այցը» կողմերի միջև տարաձայնությունները չի փարատել։

Այս թեմայով
am