Իրավապահները մտել են գործարար Նարեկ Նալբանդյանի տուն և խուզարկություն իրականացրել․ Քնար Մանուկյան

Հայաստանյան լրատվական դաշտում իրավական թեմաներով ճանաչված լրագրող Քնար Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
«Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկությունն իրականացվել է «Բոնուս» սուպերմարկետների սեփականատիրոջ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։Ավելին, իրավապահ համակարգի իմ աղբյուրները  հայտնեցին,որ խուզարկությունն իրականացվել է օրեր առաջ։

Նկատենք,որ ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, ավելի վաղ մանրամասներ էր պատմել իրենց բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վերջինս կոնկրետ անուններ էր հնչեցրել՝ նշելով, թե որոշ անձինք ինչ իրավիճակի են հասցրել իրենց։

Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշել էր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունները։ Իսկ վերջիններս հերքել էին ինքնասպան եղած գործարարի հարազատների հայտարարությունները։

Այս դեպքերից ամիսներ անց, քրեական վարույթի շրջանակում, դատախազը քրեական հետապնդում էր հարուցել երկու խոշոր գործարարների՝ Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ։

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Նարեկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեության և առանձնապես խոշոր չափերով շորթման համար։

Թե կոնկրետ որ ոլորտում և ինչ հակամրցակցային գործունեություն են ծավալել գործարարները, դատախազությունը չէր բացահայտել։

Նշենք, որ հակամրցակցային գործունեության հոդվածով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, իսկ խոշոր չափերով շորթման համար՝ 6-12 տարվա ազատազրկում։

Հավելենք, որ Նարեկ Նալբանդյանին է պատկանում «88» սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև բազմաթիվ այլ բիզնեսներ։

Նալբանդյանի անունը մամուլում հաճախ էր կապվում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Այդ լուրերից զայրացած վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ իրավապահներին հանձնարարել էր քրեական վարույթ նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք Նալբանդյանն է իրականում փորձում վարչապետի ընտանիքի անունը կապել իր բիզնեսների հետ։ Առայժմ պարզ չէ, թե ինչ են պարզել իրավապահները Նիկոլ Փաշինյանի հանձնարարության շրջանակում։

Իսկ Դավիթ Ղազարյանը բեռնափոխադրումներով և գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող «Սպայկա» ընկերության ղեկավարն է։ Վերջինս անցած տարի խնդիրների էր բախվել Ռուսաստանում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման էր ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։ 

Ն․ Նալբանդյանը եղել էր «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել էր «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենան։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել էին ՊԾ Կոտայքի  մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել էր Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ն․ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ էին արձակվել։
 

Այս թեմայով
am