Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին շատ կարևոր են երկու երկրների հասարակությունների միջև շփումները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հայ և ադրբեջանցի մասնակիցներին հանդիպելուց հետո։
«Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր ուղղեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ Հարցրեցին, թե ինչպե՞ս ենք մենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան։
Կարևոր ելակետն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է առաջ գնալ և խաղաղությունն ինստիտուցիոնալացնել։
Բնականաբար, խոսել ենք նաև ԹՐԻՓՓ-ի մասին, որովհետև շատ թարմ նորություններ ունեինք։ Այս թեմայի վերաբերյալ ներկայացրել եմ այն, ինչն ավելի վաղ ներկայացրել ենք մեր հանրությանը»,- ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը։
Հիշեցնենք, որ նախօրեին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում էր ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։