Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները. Իվետա Տոնոյան

Դիմել ենք ՍԴ, ՄԻԵԴ, վիճարկելու ենք ընտրության արդյունքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում մի աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ միաժամանակ կալանքի տակ են գտնվում ընդդիմադիր գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը»,- ասել է Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ Տոնոյանը վկայակոչել է նաև ԵԽԽՎ վերջին զեկույցը՝ պնդելով, որ դրանում արձանագրվել է ԲՀԿ ընտրողների ձայների հետ կապված խնդիրը։ Նրա ներկայացմամբ՝ շուրջ 60 հազար ընտրող զրկվել է իր ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությունից։

«Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները գողացվել են փաստացի, և շուրջ 60, 000 ընտրող զրկված է եղել իր ընտրական իրավունքը իրացնելու սահմանադրական իրավունքից, և գողացվել է մի ամբողջ խորհրդարանական խմբակցություն: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, վիճարկելով հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված գործընթացները։ Պայքարը հանուն արդարության շարունակվում է, մենք պայքարելու ենք Գագիկ Ծառուկյանի ոտնահարված իրավունքների վերականգնման համար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ոտնահարված իրավունքների համար, ինչպես նաև մեր 60,000 ընտրողների քվեի փոշիացման հետևանքով առաջացած իրավական նոնսենսի համար»,- ասել է Իվետա տոնոյանը:

Այս թեմայով
am