Դավիթ Համբարձումյանն արժանապատվորեն մերժել էր իշխանության առաջարկը․ Սուրենյանց
Դատաիրավական համակարգը դարձել է քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու գործիք, նշել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների շեմին Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշմանը։
«Վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ օրինական ուժ տալով Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությունը նույնացվել է քրեական հանցագործության հետ, իսկ դատաիրավական համակարգը դարձել է քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու գործիք։
Իմ համոզմամբ՝ իշխանությունը Դավիթին չէր ներելու այն, որ նա, լինելով ընդդիմադիր, Մասիսի համայնքապետի ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ուներ։
Գիտակցելով դա՝ իշխանությունները դեռևս ընտրական գործընթացի մեկնարկին նրան համագործակցության առաջարկ էին արել, որը Դավիթն արժանապատվորեն մերժել է։
Այսօրվա Հայաստանում սկզբունքայնության ու արժանապատվության գինը կարող է լինել ազատազրկումը, անգամ՝ մահը:
Համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին»։