ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան
Վերջին զարգացումների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարան անցնելու հնարավորությունը հայտնվել է հարցականի տակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երկու ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը հանգեցրել է նրան, որ կուսակցությունը կորցրել է հարյուրավոր ձայներ, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ մանդատների բաշխման վերջնական արդյունքների վրա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անվավեր է ճանաչել Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Նշված տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 131 ձայն։
Ավելի ուշ անվավեր է ճանաչվել նաև 35/65 ընտրատեղամասի քվեարկության արդյունքը, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 82 ձայն։
Այսպիսով, երկու ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ կորցրել է 213 քվե։
ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ տվյալ ընտրատեղամասերում արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Մասնավորապես, ըստ նրա, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը ընտրատեղամաս։
ԿԸՀ որոշմանն արձագանքել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել — միջինից էապես ավելին։
Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։
Սա ուղղակի խայտառակություն է։