Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցված հարկերին է վերաբերում. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանք առաջադրելուն, ասաց, որ գործը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցված հարկերին, որը նախկինում է բացահայտվել, և որ այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված:
«Գործն այս պահին քննվում է, խոսքը նաև 2019 թե 2024 թվականի մասին է: Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսքը, որը նախկինում է, ըստ էության, բացահայտվել: Այդ գործով վաղուց քրեական գործ կա հարուցված, ու քննության արդյունքում Քննչական կոմիտեն եկել է մի կետի, որ այդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը դիզվառելիքի ոլորտին է առնչվում:
Հարցին՝ զուգադիպությո՞ւն էր, որ ընտրություններից հետո եկան այդ կետին, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ չի կարծում, որ նման զուգադիպություն կա:
«Կա որոշակի հասունություն, և նորմալ է, որ ՔԿ-ն նմանտիպ գործողություններ է իրականացնում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին սպառնում էր քրեական պատասխանատվությամբ, արդյոք այս մեղադրանքը նրա հայտարարության համատեքստում չէ՞, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ երբ վարչապետն ինչ-որ հայտարարություն է անում, գիտի որոշ գործեր, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել:
«Բնական է, որ վարչապետը նման բաներ ասելիս ծանոթ է գործերին, և նմանատիպ հայտարարությունները բնական են»,- ասաց նա՝ նշելով, որ շատ գործեր կան, որոնք երկար են ուսումնասիրվում: