ՀԾԿՀ նախագահ․ ՌԴ-ից գազի թանկացման դեպքում «աշխարհացունց» հետևանքներ չեն լինի

Եթե Ռուսաստանը բարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը, դա բացասաբար կազդի էլեկտրաէներգիայի արտադրության վրա, սակայն «աշխարհացունց» հետևանքներ չի առաջացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 30-35 տոկոսը, կախված տարվա կառուցվածքից, արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, ուստի գազի ցանկացած թանկացում անխուսափելիորեն կազդի ոլորտի վրա։

 

«Եթե գազի գինը թանկանա՝ X դրամով կամ Y անգամ, ազդեցությունը կլինի բացասական։ Սակայն այս պահին նման սցենարի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կամ քննարկում չկա։ Որպես ՀԾԿՀ նախագահ՝ իմ սեղանին նման պաշտոնական թիվ դրված չէ, հետևաբար առայժմ խոսքը քաղաքական գնահատականների մասին է»,– նշել է Մեսրոպյանը։

 

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի զարգացում են ապրել արևային տեխնոլոգիաներն ու վերականգնվող էներգետիկան, ինչը թույլ չի տա կրկնվել 1992-1994 թվականների ծանր էներգետիկ ճգնաժամի սցենարը։

 

«Եթե գազի թանկացում լինի, անցումային փուլում որոշակի դժվարություններ, բնականաբար, կարող են առաջանալ։ Սակայն մենք չենք ունենա ծանր ու խորքային հովհարային անջատումներ։ Անհետևանք դա չի անցնի, բայց օրերով և ժամերով հոսանքազրկումներ չեն լինի»,– ասել է նա։

 

Խոսելով գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրների մասին՝ ՀԾԿՀ նախագահը չի բացառել նաև Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից գազի հնարավոր ներմուծման տարբերակները։

«Մեգանյուզ» լրատվական 

Այս թեմայով
am