Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները. Սահմանադրագետ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվորեն քննարկվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հավանական սցենարները։ Ընդդիմությունը դեռևս հստակ դիրքորոշում չի հայտնել։

«Ընդդիմության ամբողջ  համամասնական ցուցակը  պետք է ինքնաբացարկ հայտներ, որպեսզի հրաժարվեին իրենց մանդատներից»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ հավելելով՝ մանդատներից հրաժարվելու պարագայում, համաձայն «Ընտրական օրենսգրքի», դրանք մնում են թափուր։

«Այսինքն՝ որևէ մեկը իրավունք չունի վերցնել այդ մանդատները։ Բայց մյուս կողմից, կա ևս մեկ օրենսդրական և սահմանադրական պահանջ. Ազգային ժողովը պետք է կազմված լինի առնվազն 101 պատգամավորից, և երկրորդը՝  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովը պետք է ունենա առնվազն երեք քաղաքական ուժ։ Ընդ որում, իշխանություն- ընդդիմություն հարաբերակցությունը չի կարող գերազանցել երկու երրորդը՝ մեկ երրորդի նկատմամբ, այսինքն՝ իշխանությունը չի կարող ունենալ մանդատների երկու երրորդից ավելին»։

Սահմանադրագետի խոսքով՝ որքան էլ ամեն ինչ չտանի դեպի քաղաքական ճգնաժամ,   կունենանք խորհրդարան, որի գոյությունն ինքնին հակասում է Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջներին։

«Մյուս կողմից գիտենք, որ Սահմանադրական դատարանն իր կազմով այսօրվա իշխանության դատարանն է։ Նրանք կարող են այդ դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմել Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանը արտահայտի այնպիսի դիրքորոշում, որի համաձայն, օրինակ, հաջորդ ամենաշատ ձայներն ստացած երկու քաղաքական ուժերին հնարավորություն տրվի փոխանցել մանդատները։ Կարող են նաև փոխանցել իշխող կուսակցությանը և այլն, և մենք կունենանք այն նույն վիճակը, ինչ ունեինք մինչև ընտրությունները»,-նշում է սահմանադրագետը։

Վարդան Այվազյանն ասում է՝ իրենց քաղաքական թիմը («Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն) ուներ կարևոր նախընտրական առաջարկ.

«Այն է՝ առաջին քայլով պետք է փոխել ընդդիմությանը, որպեսզի հնարավոր լինի փոխել իշխանությունը։ Մենք գործ ունենք փոխհամաձայնեցված իշխանության հետ, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունը, մեկը մյուսի հետ պայմանավորված, խաղում են իրենց դերերը։ Մենք եկել ենք այդ եզրահանգման,  քանի որ եթե մանդատներից հրաժարվելու խնդիր լիներ, ապա առնվազն հունիսի 8-ի դրությամբ երկու ընդդիմադիր ուժերը պետք է այդ հայտարարությունն արդեն արած լինեին։

Կամ էլ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը ձայների հաշվարկի ընդամենը 10 տոկոսի պայմաններում իրեն հռչակեց հաղթող։ Արդեն մի քանի օր  անցել է ընտրություններից, և ժողովրդի ցասումը գնալով հանդարտվում է, հիասթափություն է առաջանում, տրամադրության անկում է նկատվում, և այդ ամենի արդյունքում պայքարի ցանկությունը նույնիսկ մեռնում է։

Այսինքն՝ եթե անգամ հիմա հրաժարվեն, կարծում եմ, դա արդեն ժամանակավրեպ կլինի, որովհետև հրաժարվելը պետք է լիներ խոհեմ, առանց «տեսնենք՝ սա ինչ կլինի, նա ինչ կլինի» տրամաբանության։

Իսկ ժողովուրդը շատ է սիրում ուժը և շատ է սիրում ֆինանսը, դրա համար իր քվեները բաշխեց ուժի և ֆինանսի միջև և հիմա վայելում է արդյունքները»։

Այս թեմայով
am