Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ չնայած Ռուսաստանի կողմից տոտալ ճնշումների և սպառնալիքների ֆոնին՝ Հայաստանում ընտրությունները անցան ազատ, արդար և թափանցիկ:
Նա անհիմն է համարում ընդդիմադիր ուժերի այն պնդումները, թե իշխանությունը կեղծել է արդյունքները. «Ընդդիմությունը թող ամբողջ ռեսուրսով բացահայտի «կեղծիքները», վերահաշվարկի դեպքում ՔՊ-ի ձայները էական ավելանալու են»:
Խոսելով Ռուսաստանի լռության մասին՝ Բադալյանը կարծիք է հայտնում, որ եթե ընտրությունների արդյունքները այլ լինեին, այսինքն՝ ռուսական ուղղվածություն ունեցող ուժերը հաղթեին, ՌԴ-ն անմիջապես կշնորհավորեր, համագործակցության կոչեր կաներ և այլն:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ այս ընտրություններին աննախադեպ մեծ էր աշխարհաքաղաքական հետաքրքրվածությունը, և ՌԴ-ից հազարավոր մարդիկ էին եկել, Բադալյանը իր անձնական տեսակետն է հայտնում՝ ասելով, որ Հայաստանում երկար տարիներ չապրած քաղաքացիները չպետք է որոշեն ՀՀ-ում ապրող ու պայքարող մարդկանց ճակատագիրը. «ՌԴ-ից հարյուրհազարավոր եկածները գիտեն՝ ինչ ճնշումների են ենթարկվել»:
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կվերացնե՞ն արդյոք պատգամավորական մանդատները, թե՞ այլ քայլերի կգնան՝ դիցուք պահանջելով արտահերթ ընտրություններ, պատգամավոր Բադալյանն ասում է՝ ընդդիմությանը ձեռք չի տալիս արտահերթ ընտրությունների գնալը, քանի որ չեն հասցնի նույն քանակի մարդ բերել ՌԴ-ից:
«Քաղաքական առևտուրը միշտ եղել է, այս տարիների ընթացքում միլիոններ ու միլիարդներ են ՔՊ-ի պատգամավորներին առաջարկում, միայն թե վարչապետին միայնակ թողնենք: Ընդդիմությունը ՔՊ-ում չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է. մեր թիմում նման դեմքեր չկան»,- շեշտում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում: