«Սա արդեն թուրքական տեռոր է մեր երկրի ներսում». Արտակ Սարգսյան

ՄԵԳԱՆՅՈՒԶ-ի բացառիկ հարցազրույցը ընդդիմադիր գործիչ Արտակ Սարգսյանի հետ

Արտակ Սարգսյանը, որը հայտնի է իր ընդդիմադիր դիրքորոշմամբ և քաղաքական ակտիվությամբ, այսօր գտնվում է տնային կալանքի տակ։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ինքը և իր ընտանիքը դարձել են համակարգային ճնշումների ու իրավական ապօրինությունների թիրախ։ Սարգսյանը վստահ է՝ Հայաստանում արդարադատությունը վերածվել է իշխանության վերահսկվող մեխանիզմի, իսկ պետությունը՝ «լուծարման շեմին է»։

ՄԵԳԱՆՅՈՒԶ-ը զրուցել է Արտակ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում և ինչ ելքեր է նա տեսնում ստեղծված իրավիճակից։

Պարոն Սարգսյան, դուք միշտ ունեցել եք ընդդիմադիր հայացքներ։ Ինչո՞ւ եք ասում, որ Հայաստանը երբևէ այսքան վտանգված չի եղել։

– Այո, ես միշտ եղել եմ ընդդիմադիր՝ անկախ իշխանությունից։ Բայց հիմա իրավիճակը արմատապես այլ է։ Նախկինում ժողովրդի կյանքը կարող էր վատ լինել, արտագաղթ կար, դժգոհություններ կային, բայց պետությունը երբեք այս աստիճանի վտանգի տակ չէր։ Այսօր մենք կանգնած ենք պետության լուծարման շեմին։ Արցախը դրա ամենավառ ապացույցն է։

Դուք պնդում եք, որ ենթարկվում եք ճնշումների։ Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Ճնշումները բազմաշերտ են՝ իրավական, ֆինանսական և քաղաքական։ Օրինակ՝ իմ անձնական փաստաթղթերը՝ նույնականացման քարտը, չեն տրամադրում։ Այդ քայլով փորձում են խոչընդոտել կուսակցության ղեկավարի գործունեությունը։

Բացի այդ, պարբերաբար կանչում են քննչական մարմիններ, ոստիկանները գալիս են տուն՝ իբր հարցաքննության։ Տնային կալանքի պայմաններում փաստաբանիս հաճախ չեն թողնում տեսնել։ Մի քննիչ՝ ավագ գնդապետ Հակոբ Շանբանդարյան անունով, անգամ սպառնացել է՝ «զենք կգցեմ մոտդ»։ Ես նրան ասել եմ՝ արա դա տեսախցիկի առաջ։ Նրանք ուզում էին ինձ ստիպել ընդունել մեղադրանք, որ անձնագրերի հարցով իբր օրենք եմ խախտել։ Դա հորինված մեղադրանք էր, որից ես հրաժարվեցի։

Դուք նաև խոսում եք ֆինանսական ճնշումների մասին։ Ինչպե՞ս է դա դրսևորվում։

– Տարիներ շարունակ ես արտերկրից ստանում եմ աշխատավարձ՝ օրինական ճանապարհով։ Սակայն հենց կուսակցության համագումարից հետո բանկային փոխանցումները սկսեցին արհեստականորեն արգելափակվել։ Գումարը գալիս է, բայց ամիսներով պահվում է, հետո հետ է ուղարկվում՝ պատճառաբանությամբ՝ «բանկի ներքին իրավական հիմքերի վրա»։ Փաստաբանների հարցումները մնում են անպատասխան։ Սա ուղղակի քաղաքական ճնշում է՝ ֆինանսապես ինձ մեկուսացնելու միջոցով։

Ինչպե՞ս եք գնահատում դատարանների վերաբերմունքը ձեր գործերի նկատմամբ։

– Այստեղ արդարադատություն այլևս չկա։ Միևնույն դատավորները պարբերաբար ստանում են իմ գործերը։ Երբ փաստաբանը պահանջում է վիճակահանությամբ նոր դատավոր նշանակել, պատասխանում են՝ «տեխնիկական խնդիր կա»։ Սա պարզ խարդախություն է՝ պաշտպանվելու իրավունքից զրկելու համար։

Վճռաբեկ դատարանը, որը պետք է լինի ամենաբարձր և անկախ ատյանը, այսօր դարձել է ճնշման գործիք։ Նույնիսկ չեն թողնում, որ պաշտպանությունը դիրքորոշում հայտնի գլխավոր դատախազի բողոքի վերաբերյալ։ Փաստացի, եթե բողոքարկում ես՝ պատժվում ես։ Սա ուղիղ հարված է մարդու սահմանադրական իրավունքներին։

Ձեր քաղաքական թիմն ի՞նչ լուծումներ է առաջարկում։

– Պետք է փոխել պետական մտածողությունը։ Իշխանությունը պետք է դառնա ծառայություն, ոչ թե տիրապետություն։ Ժողովուրդը պետք է ունենա իրական լծակներ՝ վերահսկելու իր ընտրած պաշտոնյաներին։ Այսօր այդ լծակները բացակայում են։

Մենք առաջարկում ենք համակարգ, որտեղ քաղաքացին կարող է ոչ միայն ընտրել, այլև հետ կանչել իր վստահությունը, եթե իշխանավորը դավաճանում է երկրի շահերին։ Ինչպես բիզնեսում մարդուն տալիս ես փորձաշրջան, այնպես էլ պետության ղեկավարին պետք է ենթարկել վերահսկողության։ Մենք չենք կարող հինգ տարով երկրին հանձնել մեկ մարդու՝ առանց վերահսկման մեխանիզմների։

Դուք բավականին կոշտ եք արտահայտվում ներկա իրադրության մասին։ Ինչպե՞ս կբնութագրեք այն։

– Սա արդեն դասական քաղաքական ճնշում չէ․ սա թուրքական տեռոր է մեր երկրի ներսում։ Եթե 1937-ին կոմունիստական տեռորն էր, ապա հիմա նույն մեթոդներն են՝ պարզապես այլ ձևով։ Սպանություններ, քաղաքական հետապնդումներ, վախի մթնոլորտ։

Մենք հասել ենք մի վիճակի, երբ այլևս չենք պայքարում միայն պատմական արդարության համար, այլ պետք է պայքարենք հենց մեր երկրի ներսում՝ մեր խախտված իրավունքների համար։

Ինչպե՞ս եք տեսնում ժողովրդի դերը այս ամենում։

– Միշտ ասում եմ՝ ժողովուրդ ջան, անհատի հետևից չգնաք, գնացեք գաղափարի հետևից։ Մի նայեք անձին, նայեք համակարգին։ Չի կարող պատահել, որ ժողովուրդը չորս անգամ սխալվի, եթե չորս ղեկավարն էլ վատն են, ապա խնդիրը մարդկանց մեջ չէ, այլ համակարգում է։

Եթե ես էլ վաղը գամ ու չփոխեմ այդ համակարգը, ուրեմն ես էլ ավելի վատը կլինեմ։ Մեր խնդիրն է փոխել համակարգը, ոչ թե միայն դեմքերը։ Միայն այդպես Հայաստանը կարող է դուրս գալ այս փակ շրջանից։

Արտակ Սարգսյանի խոսքով՝ անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում այսօր, ինքը չի պատրաստվում լռել․ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել իր իրական արժեքներին՝ ազատությանը, արդարությանը և ժողովրդի իշխանությանը։


Հարցազրույցը՝ ՄԵԳԱՆՅՈՒԶ լրատվականի համար

Հեղինակ՝ Մարգարիտ Դավթյան 

 

Այս թեմայով
am