Երաժշտության ուժը Հրազդանում միավորեց հազարավորներին • Հարութ Փամբուկչյանը և Կարեն Սևակ Բենդը Հրազդանի բեմում՝ հազարավոր հանդիսատեսի առաջ

Սեպտեմբերի 13-ին Հրազդանի երկինքը մի տեսակ ուրիշ էր։ Թեև ոչ մի հրավառություն չէր պայթում՝ քաղաքը լուսավորվել էր ուրիշ լույսով։

Մարդկանց աչքերում փայլ կար, հրապարակում՝ տասնյակ հազարավոր քայլերի մեղմ զարկ, իսկ բեմի վրա՝ երաժշտություն, որ ոչ միայն լսվում էր, այլ զգացվում։

Այդ երեկո Հրազդանը դարձավ մի վայր, որտեղ մարդիկ պարզապես ներկա չէին համերգին, նրանք մասնակցում էին տոնին։ Քաղաքը շնչում էր ռիթմով, խոսում՝ երգով։ Իսկ երբ բեմ բարձրացավ Հարութ Փամբուկչյանը՝ բազմության արձագանքը մեկ բան հստակեցրեց՝ սա պարզապես համերգ չէր, սա հանդիպում էր լեգենդի հետ։

Հարութ Փամբուկչյանը երգեց՝ ինչպես միշտ. անկեղծ, ուժեղ ու հայրենիքով լեցուն։ Նրա ձայնի մեջ կար նույն հմայքը, որը տարիներ շարունակ ստիպել է մեզ կարոտել, հիշել ու հպարտանալ։ Նրա հետևից բեմ բարձրացավ Կարեն Սևակ Բենդը՝ բերելով նոր ալիք, նոր հնչողություն, նոր սերնդի շունչ։ Նրանք համերգին հաղորդեցին երիտասարդական կրակ ու վարակիչ ուրախություն, որը բառացիորեն պարեցնում էր հրապարակը։

Եվ հենց այդ պահին, երբ մի քանի հազար մարդ համատեղ երգում էր, պարզ դարձավ՝ երաժշտությունն այստեղ միայն արվեստ չէր, այն լեզու էր, որով մարդիկ ճանաչում էին միմյանց՝ անկախ տարիքից կամ անցյալից։

«Ֆեստիվառ»-ը Հրազդանում երկրորդ կանգառն էր։ Բայց իրականում՝ մի նոր մեկնարկ։ Նոր հավատ՝ որ մշակույթը տեղայնացնելու կարիք չունի, որովհետև այն արդեն տեղում է՝ մարդկանց սրտերում, պետք է միայն մի կայծ՝ վառվելու համար։

Կազմակերպիչներն ասում են՝ իրենք զգացել են, որ մարզերը սպասում են։ Ոչ միայն խոշոր անուններին, այլև՝ ուշադրությանը, ստեղծագործ դրսևորմանը, մշակութային արժևորմանը։ Եվ եթե Հրազդանի գիշերն ինչ-որ բան ապացուցեց, ապա սա է՝ մշակույթը սահմանից դուրս չէ, այն մեր կողքին է, երբ նրան տալիս ենք բեմ։

Ոչ մի հրավառություն չպահանջվեց։

Լույսը բեմից էր, ջերմությունը՝ մարդկանցից։

Մարգարիտ Դավթյան

meganews.am

Այս թեմայով
am