Էդուարդ Բաբայանի հարցազրույցը Quality Mark ամսագրին

«Մեգանյուզ»-ը ներկայացնում է Էդուարդ Բաբայանի հարցազրույցը Quality Mark ամսագրին։ Զրույցում անդրադարձ է կատարվում առանցքային ուղղություններին, ձևավորված մոտեցումներին ու այն սկզբունքներին, որոնք ուղղորդում են ընթացիկ աշխատանքն ու հետագա քայլերը։

Հարցազրույցը՝ստորև

- Հարգելի՛ պարոն Բաբայան,  շնորհակալություն հարցազրույցին համաձայնելու համար: 
Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում Աբովյանը զգալի առաջընթաց է ունեցել. կարելի է ասել, որ այս պահին Աբովյանն ապրում է ոսկե ժամանակաշրջան: Ինչպե՞ս կբնութագրեք այս զարգացումը:

- Ճիշտ եք նկատել Աբովյանում հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, վերջին տարիներին լուծվել են տասնամյակներ շարունակ կուտակված բազում հիմնահարցեր, որոնք զգալիորեն բարելավել են բնակիչների կյանքի որակը: Համայնքի բնակավայրերում իրագործվում են ենթակառուցվածքների ապահովման մասշտաբային աշխատանքներ, մեծ ծավալներով կատարվում է ներհամայնքային փողոցների հիմնանորոգում, ասֆալտապատում, փոսային նորոգում, ջրահեռացման համակարգերի կառուցում, գազաֆիկացում, խմելու ջրամատակարարման համակարգի, ոռոգման համակարգի, լուսավորության համակարգի կառուցում և արդիականացում: Համայնքի ողջ տարածքում և հատկապես Աբովյան քաղաքում վերջին տարիներին կատարվել են կանաչապատման լայնամասշտաբ աշխատանքներ (վերջին 5 տարում տնկվել է շուրջ 3000 ծառ), համայնքային զավթված տարածքներում կատարվում են ապամոնտաժման, խաղահրապարակների կառուցման և կանաչ գոտիների համալրման աշխատանքներ:​Իրականցրել ենք նաև քաղաքի վերելակների արդիականացման աշխատանքներ: Բարեկարգումները նույն ծավալով ու տեմպերով այսօր էլ շարունակում ենք և շատ երկար ժամանակ կպահանջվի դրանց առանձին անդրադառնալու համար:​

- Պարոն Բաբայան մենք իրականացրել ենք հարցումներ, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ Աբովյանի բնակչությունը որևէ դժգոհություն չունի համայնքապետարանից և անձամբ ձեր գործունեությունից: Ինչպե՞ս է հաջողվել հասնել այդ վստահությանն ու համակրանքին:

- Ինձ համար անչափ կարևոր է բնակիչների վստահությունը, որը կարող եմ ասել տասնամյակների ընթացքում է ձևավորվել: Նախ բնակիչներն ինձ ճանաչել են որպես մարդ, որպես աբովյանցի, իսկ այսօր շատ լավ ծանոթ են իմ գործունեությանը որպես համայնքի ղեկավար: Բնակիչների ձայնը մշտապես լսելի է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմում և ուզում եմ նշել, որ շատ կարևոր հիմնախնդիրներ հենց լուծվում են բնակիչ-համայնք կապի, համագործակցության շնորհիվ: Հենց այսպիսի վերաբերմունքն է նաև նպաստել համընդհանուր վստահության ձևավորմանը: Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերում տարիներ շարունակ կուտակվել էին խնդիրներ, որոնք բարձրաձայնվել են բնակիչների կողմից և միայն վերջին տարիներին է դրանց պատշաճ ուշադրություն դարձվել: Իմ հանձնարարությամբ քաղաքիհամատիրություններին արդեն մի քանի տարի տրամադրվում է օժանդակություն շինանյութի տեսքով. Արդյունքում ունենք տասնյակներով վերանորոգված մուտքեր, տանիքներ, նկուղներ, ջրագծերի ներքին ցանցեր:

- Ո՞րոնք են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք որպես համայնքի ղեկավար:

- Առաջնորդություն, առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն քո համայնքի ու բնակչի նկատմամբ: Իմ աշխատանքի հիմքում կարևորում եմ հետևողականությունը, անմիջական ուշադրությունը: Կարծում եմ համայնքի ղեկավարը պետք է ճիշտ օրինակ լինի համայնքի բնակիչների համար: Բացառում եմ անտարբերությունը.սրտացավությամբ պետք է մոտենալ ցանկացած հարցին, քանի որ յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով պետք է անենք առավելագույնը համայնքի ու պետության համար:

- Իրագործված բազում ծրագրերից ո՞րն եք ամենից շատ կարևորում:

- Յուրաքանչյուր ծրագիր, համագործակցություն շատ կարևոր է, ակտիվ համագործակցում ենք կառավարության, միջազգային կազմակերպությունների, գործընկեր կառույցների հետ, հասցրել ենք հաստատել նաև միջազգային համագործակցություններ:​
Այսօր հաջողությամբ կյանքի ենք կոչել նաև մի շարք համայնքային ծրագրեր, անձամբ իմ նախաձեռնությամբ իրագործել ենք բարեկարգման մասշտաբային աշխատանքներ, որոնցով լուծել ենք նաև անվտանգային հիմնախնդիրներ: Այս առումով հատկանշական է քաղաքի կենտրոնական հատվածներում խաչմերուկների հիմնովին կառուցումը, տարբեր թաղամասերում աստիճանահարթակների, թեքահարթակների կառուցումը, շուրջօրյա լուսավորության ապահովումը, խելացի կանգառների կառուցումը, աղբահանության որակի բարելավումը, աղբատար մեքենաների և անհրաժեշտտեխնիկայի համալրումը: ​
Այսօր կարող ենք փաստել, որ վերջին տարիներին, իմ կառավարման ժամանակահատվածում համայնքում կատարված աշխատանքները, բարեփոխումները գերազանցում են նախորդած տասնամյակների աշխատանքների ծավալին:​

- Ծրագրերն իրականացնելիս ո՞ր հարցերին եք առաջնահերթությունտալիս:

- Համայնքում իրականացվող ծրագրերը բազմաբնույթ են, բոլորն էլ կարևոր  են, սակայն առաջնահերթ եմ համարում այն աշխատանքները, որոնք ուղղված են գլոբալ հիմնախնդիրների լուծմանը: Օրինակ վերջին 5 տարում բնակչության թիվը համայնքում աճել է շուրջ 11 000-ով և բնակչության թվի աճով ու հերթերի հանգամանքով պայմանավորված կառուցում ենք մանկապարտեզներ: Կան գյուղական բնակավայրեր, որտեղ առկա են ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներ և բնակչությանը ջրամատակարարմամբ ապահովելու համար իրականացնում ենք խմելու ջրի մատակարարման համակարգերի կառուցման և ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ:

Պարոն Բաբայան ամենատարբեր ոլորտներում ծավալել եք գործունեություն, այժմ ղեկավարում եք մեծ համայնք, շփվում մեծ թվով մարդկանց հետ, ո՞ր հատկանիշներն եք արժևորում մարդու մեջ, որո՞նք են Ձեզ համար ամենակարևոր մարդկային որակները:

- Մարդու մեջ կարևորում եմ սկզբունքայնությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, մարդասիրությունը: Ինքս էլ առաջնորդվում եմ այս կարևոր որակներով: Ես ապրել եմ այնպիսի միջավայրում, որտեղ մարդասիրությունը, սկզբունքայնությունն ու արդարամտությունը համարվել են առաջնային արժանիքներ: Եվ իմ հորից ժառանգելով այս որակները,փոխանցել եմ զավակներիս:

- Ձեր մասին խոսելիս, հաճախ շեշտվում է խստությունը, ինչպիսի՞ն եք ընտանիքում:

- Խստությու՞ն, (ծիծաղ) թե պահանջկոտություն:​
Ես ինքս պատասխանատու մարդ եմ:
Թե՛ իմ խոսքին, թե իմ քայլերին վերաբերում եմ մեծ պատասխանատվությամբ,և նույնը ակնկալում եմ իմ շրջապատից, առավել ևս ընտանիքից:​
Դե գիտեք, խստության արդյունք է, թե գեն, ես այսօր երջանիկ հայր եմ, ունեմ երեք հրաշալի զավակներ, որոնք արժանի հետնորդ են, պիտանի թե՛ ընտանիքին, թե հայրենիքին: 

- Խոսեցինք հայրենիքին պիտանի լինելու հանգամանքից, չեմ կարող չանդրադառնալ Ձեր կենսագրության այն հատվածին, որն առնչվում է Արցախյան ազատամարտին: Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար որպես Արցախյան ազատամարտի մասնակից:

- Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է, հենց այս գիտակցումով էլ մասնակցել եմ պաշտպանական գործողություններին: Հայրենիքի, ընտանիքի, ժողովրդի պաշտպանությունը գաղափարն է յուրաքաչյուր արժանապատիվ հայ մարդու և հենց այս արժեքն է, որ պետք է պահպանենք ու փոխանցենք սերունդներին:

- Ի՞նչ երազանքներ, նպատակներ ունեք:​
Իմ դեպքում նպատակներ, որոնց իրագործմանը մշտապես հաջողվել է հասնել:  ​

- Այս պահին մեծ նպատակներ կան կապված մեր համայնքի հետ: Խոսքը մեծ ռեսուրսներ, ներդրումներ պահանջող ծրագրերի մասին է: Իմ թիմի և համայնքի բնակիչների հետ շարունակում ենք աշխատել միասնական նպատակով՝ գրանցելով իրական, տեսանելի արդյունքներ:

- Ի՞նչ կցանկանայիք որ մարդիկ խոսեն Ձեր մասին ոչ թե այսօր, այլ տարիներ անց:

- Չգիտեմ որքան կշարունակեմ պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, բայց ուզում եմ, որ իմ արած գործերից խոսելու փոխարեն, իմ ճանապարհը, այն ուղին, որ անցել եմ հետագայում լինի օրինակ նորը ստեղծելու, կառուցելու և մեր համայնքը շենացնելու համար:

Meganews.am 

Այս թեմայով
am