ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար ներկայացվել է 148 դիմում, որոնցից 89-ը վերաբերել են լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելուն, իսկ 44-ը մերժվել է։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ՝ ձև 9, ստացել է 26 անձ։
Ծառայության «Զանգերի կենտրոնը» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չի ստացել, իսկ շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։