44-օրյայում ոտքը կորցրած Էրիկը առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր այլ տղաներ

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․

«Հարգելի՛ ընկերներ,

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։ Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։

Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու և վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել, և Էրիկն այս գործընթացն է համակարգելու։

Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու: 2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր՝ մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը:

Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդ՝ սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ:

Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի մասնակից այլ տղաներից։ Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար:

Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն՝ հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում»:

Այս թեմայով
am