Հնդկաստանի վարչապետը խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները:
«Նա այսօր ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանից նավթ չեն գնի: Դա մեծ քայլ է: Հիմա ես պատրաստվում եմ համոզել Չինաստանին նույնն անել»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ գնումների դադարեցումը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում. դա գործընթաց է, որը շուտով կավարտվի։
Թրամփը հավելել է՝ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները թույլ են տալիս Մոսկվային շարունակել պատերազմը, որտեղ Ռուսաստանը, նրա խոսքով, արդեն 1,5 միլիոն մարդ է կորցրել»։
Հենց ռուսական նավթի գնումների պատճառով էր Սպիտակ տունը բարձրացրել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը: Նյու Դելին ավելի վաղ հայտարարել էր, որ արդարացի չի համարում ռուսական նավթի գնումները դադարեցնելու պահանջը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարը Ճապոնիայի իր գործընկերոջը փոխանցել է, որ Վաշինգտոնը Տոկիոյից ևս ակնկալում է ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցում:
ԱՄՆ-ը նման պահանջներ է ներկայացնում նաև եվրոպական գործընկերներին՝ նշելով, որ միայն ռուսական էներգակիրներից հրաժարումը Մոսկվային կստիպի նստել Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ: