Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները: Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 11-ը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրա կազմում են արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։
Միացյալ Նահանգները ներկայացնում են նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Արտաքին հետախուզության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Բանակցային խմբի կազմում են նաև նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա առաջին տեղակալ Սերհիյ Կիսլիցան և իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Արաբական Միացյալ Էմիրություններում է նաև եվրոպական կողմը, սակայն նրանց հետ առանձին հանդիպումներ կանցկացվեն:
Բուդանովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում ի թիվս այլնի կենտրոնանալու են ռազմագերիների փոխանակման և հումանիտար այլ հարցերի վրա։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևի թիմը կներկայացնի դեէսկալացիային ուղղված քայլեր։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նաև պետք է ընկալում լինի՝ ինչպես կարող են երեք երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպել:
«Անհրաժեշտ են խաղաղություն, անվտանգության երաշխիքներ, իրական ռեսուրսներ՝ պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար»,- նշել է Զելենսկին։
Ռուսական մամուլն էլ գրում է, որ թեև եռակողմ բանակցությունների առանցքային հարցը Ուկրաինայում հակամարտության կարգավորումն է, սակայն դա անվտանգության ճարտարապետությանը վերաբերող ավելի լայն քննարկման միայն մեկ բաղադրիչն է: Նշվում է, որ հիմնական նպատակն է մշակել ամբողջ մայրցամաքի համար անվտանգության համապարփակ և անբաժանելի համակարգ: Աբու Դաբիի բանակցություններին ընդառաջ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նկատում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու «ուժեղ ցանկություն»։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հոգնել են մարտերից»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը:
Ջարեդ Քուշների խոսքով էլ՝ կարևոր է ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը, անվտանգությունը և բարգավաճումը։ Ըստ Սպիտակ տան բանագնացի՝ փնտրում են այնպիսի լուծում, որը կապահովի տևական խաղաղություն Ուկրաինայի համար՝ եվրոպական անվտանգության ավելի կայուն ճարտարապետության շրջանակում։
«Աբու Դաբիի բանակցությունները կենտրոնացած են չորս ուղղության վրա՝ ռազմական գործողությունների դադարեցում, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, երկրի հետպատերազմյան տնտեսական զարգացում և հումանիտար հարցեր»,- մանրամասնել է Քուշները։