Իրանին հասցված տնտեսական վնասն այնքան մեծ է, որ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունում Միացյալ Նահանգների համար հաղթանակ կլինի իսլամական հանրապետությանը միջուկային զենք ստեղծելու ֆինանսական և գիտատեխնիկական հնարավորություններից ընդմիշտ զրկելը։

«Կարծում եմ՝ հաղթանակն այն է, որ ապահովենք, որ նրանք այսպես թե այնպես երբեք միջուկային զենք չունենան։ Դա նշանակում է, որ նրանք դրա համար ո՛չ գումար կունենան, ո՛չ էլ սարքավորումներ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցերին Վաշինգտոնում Ամերիկյան ֆեդերալիստական ընկերությունում ունեցած ելույթից հետո։ «Ներկայումս տնտեսական վնասը, որը մենք հասցնում ենք այդ վարչակարգին, այնքան մեծ է, որ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ մենք նրանց շատ ենք թուլացրել»,- կարծում է Ռուբիոն։

Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ չեն ձգտում միջուկային զենքի ստեղծման։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի ուղղությամբ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ՝ Հորմուզի նեղուցին վերաբերող մասով։ Այդ նեղուցով է փոխադրվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդանշան է տվել Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով նրա տնտեսական խեղդման փորձին անցնելու մասին։

 

Այս թեմայով
am