Թուրքական թևեր՝ հայկական իշխանության տակ․ ինչ կա ավիացիոն գործարքի ետևում

Թուրքական ավիաուղիների մուտքը Հայաստան ներկայացվում է որպես տնտեսական համագործակցություն, սակայն փորձագետները նկատում են՝ գործարքը կարող է ունենալ նաև քաղաքական ու ֆինանսական ենթատեքստ։

 

2026 թվականից «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) նախատեսում են մուտք գործել հայկական շուկա։ Թեման ակտիվացել է հատկապես այն բանից հետո, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է ավիացիոն համագործակցության ընդլայնման հարցը։ Թեև պաշտոնական մեկնաբանությունները սահմանափակվում են տնտեսական շահերով, տարբեր քաղաքական աղբյուրներ պնդում են, որ այս գործընթացը կարող է ունենալ նաև ներքաղաքական և ֆինանսական ենթատեքստ։

 

Ըստ այդ տեղեկությունների՝ ծրագրի համակարգման գործում առանձնահատուկ դեր է վերապահված ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որը հայտնի է իր հետաքրքրություններով ավիացիոն ոլորտում։ Վերջինիս անունը հաճախ է կապվել FlyOne Armenia ավիաընկերության հետ, և ըստ աղբյուրների՝ հենց նա կարող է դառնալ թուրքական ավիացիոն ծրագրի հիմնական շահառուն։ Տարբեր քաղաքական շրջանակներ չեն բացառում, որ Սուքիասյանը կարող է ունենալ նաև տնտեսական հետաքրքրություն՝ կապված թուրքական կողմի հետ կնքվելիք հնարավոր գործարքների հետ, որոնք, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարող են դառնալ իշխանության համար լրացուցիչ ֆինանսական հոսքի աղբյուր։

 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ այս համագործակցության գաղափարը ձևավորվել է դեռևս սեպտեմբերին՝ Թուրքիայի պաշտոնական պատվիրակության այցի ընթացքում, երբ քննարկվել են տարբեր ոլորտների հնարավոր ներդրումային նախագծեր։ Այդ այցը դիտարկվում է որպես նախապատրաստական փուլ՝ տնտեսական և քաղաքական փոխգործակցության նոր ձևաչափ ստեղծելու ուղղությամբ։

 

Քաղաքական դիտորդները նկատում են, որ ավիացիոն ոլորտը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ բիզնես շահերն ու քաղաքական հաշվարկները համադրվում են։ Եթե «Թուրքական ավիաուղիների» մուտքը Հայաստանի շուկա իրականացվի նման մեխանիզմներով, ապա փաստացի կձևավորվի ֆինանսական մոդել, որը թուրքական կապիտալին հնարավորություն կտա անուղղակի ազդեցություն ունենալ երկրի տնտեսական միջավայրի, իսկ որոշ դեպքերում՝ նաև քաղաքական դաշտի վրա։

 

Այս ֆոնին արդիական է դառնում հարցը՝ արդյո՞ք հայկական կողմը բավարար թափանցիկություն է ապահովում նման գործարքներում, թե՞ տնտեսական համագործակցության պատրվակի ներքո ձևավորվում են նոր ֆինանսական կապեր, որոնք կարող են ամրապնդել իշխանության դիրքերը։ Թուրքական ավիաուղիների մուտքը, որը ներկայացվում է որպես տնտեսական առաջընթացի քայլ, ըստ որոշ գնահատականների, կարող է վերածվել քաղաքական ազդեցության գործիքի՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։

Մարգարիտա Դավթյան

Այս թեմայով
am