Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը տեղափոխվել էր հոգեկան առողջության պահպանման կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը
Մայիսի 16-ին՝ ժամը 18.07-ին, «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն:
Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր՝ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են:
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումներ, սակայն բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել։
Ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող բուժառուի հսկողությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։ Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից»,- տեղեկացրել էին նախարարությունից: