Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ երեկ վիրահատությունից հետո այցելել են Շաքիի բնակիչ Անիին։
Նրանց խոսքով՝ Անիի վիճակը կայուն է, իսկ բուժանձնակազմը՝ հոգատար։

«Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ․ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։ Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- նշել են հանձնաժողովի անդամները։
Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։
Մուսաևը հոկտեմբերի 1-ին է հայտնաբերվել, ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին իր ծառայության վայրից բացակայել է, լքել զորամասը և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:
Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:
2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:
Դատախազությունից, ի լրումն նախորդ հաղորդագրության, հավելել են, որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին: