Շտապօգնության անվճար կանչերի սահմանափակումը կհանգեցնի քաոսի․ Անուշ Պողոսյան

2026 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կներառվեն առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում և  կարող են տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Այունուհետ քաղաքացիները ծառայության դիմաց պետք է վճարեն 10000-ից 15000 դրամ՝ կախված համայնքից։  

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյան  Aysor.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշել է․

«Եվրոպայի փորձը վերցնելուց և առողջության համընդհանուր  ապահովագրությունը ներդնելուց  հետո, նախարարությունը փորձել է իրականացնել պոլիկլինիկաներում հերթերը նվազեցնելու  քայլեր։  Առողջապահության նախարարի խոսքով՝ նորմալ է, որ մարդիկ որոշ  ժամանակ  սպասեն,  քանի որ եվրոպական երկրներում իրենց ընտանեկան բժշկի մոտ կարող են հերթագրվել և մինչև 6 ամիս սպասել, իսկ  հրատապ դեպքերով զբաղվում  են շտապօգնության բրիգադները։ Սակայն  Հայաստանում,  նույնիսկ եթե հերթեր լինեն և անհրաժեշտություն լինի սպասել մինչև 6 ամիս,   շտապօգնությանը   սահմանափակում են տարեկան  8 կանչով, ինչից  հետո ծառայությունից հնարավոր կլինի օգտվել վճարովի տարբերակով։ Այստեղ այլ խնդիր էլ կա՝ մարդը համոզված չի կարող լինել, որ այդ 8 կանչերի ընթացքում իրեն կմոտենա  շտապօգնության բրիգադը, քանի որ կանչերի փոխանակման  մեթոդի ներդրմամբ՝ շտապօգնության աշխատակիցները կարող են կանչը ուղղակի փոխանցել ընտանեկան բժիշկին, եթե կարծում են, որ հրատապություն չկա»։

Փորձագետի խոսքով՝ սա կհանգեցնի քաոսի, և հիվանդը կկորցնի իր համար շատ կարևոր, թանկ ժամանակ, իսկ առողջապահության մեջ  անգամ  վայրկյանները կարող են  որոշիչ լինել մարդու կյանքի համար։

Անուշ Պողոսյանը նաև մարզերում առկա առողջապահական խնդիրներից է խոսել և ընդգծել․

«Մարզային առողջապահական հիմնարկներում չկան համապատասխան տրանսպորտային միջոցներ, որպեսզի բժիշկները կարողանան արագ արձագանքել կանչերին։ Նմանօրինակ խնդիրներ շատ կան, որոնք Առողջապահության նախարարության մեր գործընկերները հաշվի չեն առել։ Նրանք պարզապես ասում են, որ այդպես պետք է արվի, սակայն  ցույց չեն տալիս  ճանապարհները»։

Անուշ Պողոսյանն անդրադրաձել է նաև այն ֆինանսական խնդիրներին, որոնց կարող են բախվել բժիշկները․

«Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգում սահմանված է կետ,  որ  շտապօգնության ցանկացած կանչում ապահովագրված անձին չսպասարկելու դեպքում  նախատեսվում է վարչական տուգանք, որը կարող է կազմել մինչև աշխատավարձի 150-ապատիկը։ Այս կարգավորումը բժիշկների համար լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է  ստեղծել, քանի որ յուրաքանչյուր չկատարած կանչ կարող է տուգանքի պատճառ դառնալ»։

Այս թեմայով
am