«Թուղթ գրող» բժիշկ այլևս չկա․ առողջապահության համակարգը անցնում է նոր խաղի կանոնների
Հայաստանում առողջապահական համակարգի նոր տրամաբանությունն ուղղված է ճիշտ ուղորդման մեխանիզմին․ հիվանդանոցը նախատեսված է բացառապես անհետաձգելի դեպքերի համար։ Մնացած բոլոր իրավիճակներում առաջնայինը պետք է լինի պոլիկլինիկան, որտեղ բժիշկը ոչ թե «ուղեգիր գրող», այլ հիվանդի առողջության հիմնական պատասխանատուն է։
«Մենք բարձրացնում ենք պոլիկլինիկայի բժշկի դերը։ Նրա մասնագիտական որակների վրա աշխատելով՝ պետք է բացառենք մոտեցումը, երբ բժիշկը կամ բուժքույրը պարզապես թուղթ գրող են։ Առաջնային օղակը պետք է իրականում զբաղվի բուժօգնության մատուցմամբ և հիվանդին ճիշտ ուղորդմամբ։ Այսօր խնդիրն այն է, որ հաճախ նրանք պասիվ են գործում, ինչը փոխվելու է», — նշեց առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ հենց առաջնային օղակում պետք է իրականացվի նախնական զննություն, ախտորոշում և անհրաժեշտության դեպքում՝ հաջորդական ուղեգրում։ Սա այն մոդելն է, որով գործում են զարգացած երկրները, և որի նպատակն է նվազեցնել հիվանդանոցների ավելորդ ծանրաբեռնվածությունը։
Meganews.am–ի հարցին՝ արդյոք բավարարված են էլեկտրոնային դեղատոմսերի համակարգով, որին դժգոհությամբ են արձագանքել թե՛ բժիշկները, թե՛ դեղատների աշխատակիցները և թե՛ բազմակի այցելություններով դեղորայք ստացող քաղաքացիները, Ավանեսյանը պատասխանեց․
«Պետությունն ուժեղացնում է դեղերի շրջանառության վերահսկողությունը։ Ավարտվում է «դեղատան դուռը բացիր և ստացիր հակաբիոտիկ» ժամանակաշրջանը։ Էլեկտրոնային դեղատոմսերը և հակաբիոտիկների նշանակման խիստ վերահսկողությունը անհրաժեշտ են, որպեսզի երեք-չորս տարի հետո չհայտնվենք իրավիճակում, երբ ծանր վարակները չեն բուժվում։ Այլընտրանք չկա․ առողջապահական համակարգը չի կարող արդյունավետ աշխատել, եթե բոլորը շրջանցեն կանոնները»։
ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանի հետ զրույցը վարել է Meganews.am–ի լրագրող Կարինե Սահակյանը։