Բանակի կրճատո՞ւմ, թե բարեփոխում․ իշխանության և ընդդիմության տարբեր գնահատականները

Պաշտպանության նախարարությունը պնդում է՝ բանակը չի կրճատվում, սակայն փորձագետներն ու ընդդիմությունը զգուշացնում են հնարավոր պաշտպանական ճեղքման մասին

Հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու մասին, շարունակել է լայն արձագանք ստանալ ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ հասարակության շրջանում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը զգուշացնում է՝ այս որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի պաշտպանունակության վրա։

«Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, ովքեր այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանունակության վրա ծանր հետևանքներ է ունենալու», — նշել է պատգամավորը։

Զորակոչի 25% կրճատում՝ թվերով

Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ 6 ամսով ծառայության կրճատումը «բանակի կրճատում» չէ, քանի որ պայմանագրային զինծառայողների թիվն աճում է։

Սակայն Աբրահամյանը հակադարձում է՝ ժամկետային ծառայության տևողության փոփոխությունը (24 ամսից՝ 18 ամսվա) նշանակում է զորակոչվողների թվի նվազում առնվազն 25 տոկոսով։

Այն դեպքում, երբ զորակոչը Հայաստանի զինված ուժերի համալրման հիմնական աղբյուրն է, այս փոփոխությունը բերում է բանակի ընդհանուր քանակի նվազման։

«Պայմանագրայինների թվի աճը, որին հղում է անում ՊՆ-ն, համարժեք չէ կրճատվող զորակոչայինների թվին։ Եթե նույն համալրման տեմպը պահվում է, ապա 6 ամսով կրճատումը բերելու է շուրջ 4-5 հազար զինծառայողի պակասի», — նշում է պատգամավորը։

Պայմանագրային համակարգի ընդլայնումը, որին հղում է անում Պաշտպանության նախարարությունը, պահանջում է ֆինանսական մեծ ռեսուրսներ և ժամանակ՝ այդ համակարգը կայացնելու համար։

Նման անցումը պահանջում է նաև վերապատրաստման, զինտեխնիկայի արդիականացման և ծառայության մոտիվացիոն մեխանիզմների փոփոխություն։

Փորձագետների գնահատմամբ՝ առանց այդ բաղադրիչների, պայմանագրային համակարգի արագ ընդլայնումը կարող է ստեղծել հակառակ էֆեկտ՝ թվային ոչ թե ուժեղացում, այլ կառուցվածքային անկայունություն։

Համալրման խնդիրների ֆոնին՝ կրճատման որոշում

Աբրահամյանը հիշեցնում է՝ իշխանության ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ խոստովանում էին համալրման լուրջ խնդիրների մասին։

Այս պարագայում, պատգամավորի կարծիքով, պարտադիր ծառայության կրճատումը ոչ թե ռազմավարական, այլ պոպուլիստական քայլ է․

«Բանակի կրճատումն արվում է այն պայմաններում, երբ դեռևս համալրման խնդիր կա։ Սա չի կարելի դիտարկել որպես բարեփոխում, այլ՝ որպես պաշտպանական համակարգի թուլացում»։

Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածը որոշումն ընդունում է որպես դրական քայլ, քանի որ երիտասարդները ավելի շուտ կվերադառնան քաղաքացիական կյանք, բայց այդ մոտեցումը վտանգավոր է, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգության հիմքերին։

Բարեփոխո՞ւմ, թե ռազմավարական ռիսկ

Բանակի վերակազմավորման գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար ձևավորվում է համալրման, պահեստազորի և տեխնոլոգիական պաշտպանության նոր համակարգ։

Առանց այդ ռազմավարության՝ ժամկետային ծառայության կրճատումը, ինչպես նշում են ընդդիմադիր պատգամավորներն ու փորձագետները, կարող է ստեղծել պաշտպանական «ճողվածք»՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանի լարված անվտանգային միջավայրը։

Պարտադիր ծառայության 6-ամսյա կրճատումը կարող է դիտվել որպես ժամանակակից բարեփոխում միայն այն դեպքում, եթե այն հիմնվում է համակարգային և երկարաժամկետ ռազմավարության վրա։

Հակառակ դեպքում՝ այն ավելի շուտ վտանգավոր զիջում է, քան արդյունավետ փոփոխություն՝ Հայաստանի անվտանգային իրավիճակի համատեքստում։

 

Մարգարիտա Դավթյան 

Աղբյուր՝ MegaNews.am

Այս թեմայով
am