Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ առաջարկել է նշանակել երկու երկրների ղեկավարների հանդիպման կոնկրետ ամսաթիվ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

Զելենսկին նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ զարգացումների վրա, ուստի, նրա խոսքով, «սխալ է պարզապես սպասել» Վաշինգտոնի միջամտությանը, և անհրաժեշտ է փորձել ավարտել պատերազմը երկկողմ ձևաչափով։ «Ընտրությունն այժմ Ձերն է։ Բավական է պատերազմը։

Ուկրաինան առաջարկում է ավարտել այս պատերազմը։ Պետք է դա անել ազնվորեն, արժանապատվորեն և երաշխավորել, որ նոր պատերազմի բռնկում չի լինի»,– գրել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը պատրաստ են ընդունել մի շարք պետություններ, այդ թվում՝ Շվեյցարիան, Թուրքիան և արաբական աշխարհի երկրները։

Զելենսկին ընդգծել է, որ «ուկրաինացի առաջնորդը Ձեր մայրաքաղաքում, ինչպես նաև ռուս առաջնորդը` Կիևում, անելիք չունեն», ակնարկելով չեզոք հարթակում հանդիպման անհրաժեշտությունը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ ներկայիս ռազմաճակատը պետք է դառնա այն գիծը, որտեղից կսկսվի դիվանագիտությունը։

Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է բանակցությունների ընթացքում դադարեցնել կրակը, իսկ ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով կարող է դառնալ պատերազմի ավարտի լավ նախաբան։

Ռուսաստանում հաստատել են, որ Մոսկվան ստացել է Զելենսկու նամակը։

Այս թեմայով
am