ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զբաղված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավով, խորհրդարանի վարչական մեքենայի ղեկը փաստացի անցել է նրա տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Սակայն ինչպիսի՞ ֆինանսական պատկեր ունի այն պաշտոնյան, որն այս օրերին համակարգում է երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Խանզրադյանի ունեցվածքային պատկերը գրեթե չի փոխվել․ նույն բնակարանը, նույն ավտոմեքենան, բայց տասնյակ միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, խոշոր փոխառություններ և վարկային պարտավորություններ։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խանզրադյանը տարվա ավարտին ունեցել է 14,4 մլն դրամ կանխիկ գումար, 2,4 մլն դրամ բանկային հաշիվներում և 200 եվրոյից ավելի միջոցներ արտարժույթով։ Սակայն առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք. նա շարունակում է որպես պարտատեր ներկայացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրամադրված 22,6 մլն դրամի փոխառությունը, որը մեկ տարվա ընթացքում չի վերադարձվել նույնիսկ մասամբ։

Ստացվում է, որ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյան, մի կողմից, ունի ավելի քան 22 մլն դրամի վարկային պարտավորություններ, մյուս կողմից՝ կարողացել է մասնավոր ընկերության տրամադրել ավելի քան 22,6 մլն դրամի փոխառություն։ Հարց է առաջանում՝ ինչ տնտեսական տրամաբանությամբ է պաշտոնյան միաժամանակ պարտք վերցնում բանկերից և զգալի գումարներ փոխառում մասնավոր բիզնեսին։

Հատկանշական է նաև կանխիկ միջոցների ծավալը։ Միայն վերջին հինգ տարիներին Խանզրադյանը մշտապես հայտարարագրել է 17-20 մլն դրամի սահմաններում կանխիկ գումար։ 2021 թվականին՝ 18 մլն դրամ, 2022-ին՝ 20 մլն, 2023-ին՝ 19 մլն, 2024-ին՝ 17 մլն, իսկ 2025-ին՝ 14,4 մլն դրամ։ Այսինքն՝ տարիներ շարունակ պաշտոնյան նախընտրել է տասնյակ միլիոնավոր դրամներ պահել կանխիկ, այլ ոչ թե բանկային համակարգում։

 

Հայտարարագրերը ցույց են տալիս նաև, որ 2024 թվականը Խանզրադյանի համար ֆինանսապես ամենաակտիվ տարիներից մեկն է եղել։ Այդ տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտները կազմել են ավելի քան 33,5 մլն դրամ։ Սակայն այդ գումարի հիմնական մասը ոչ թե աշխատավարձ է եղել, այլ բանկերից ստացված վարկեր։ Մասնավորապես՝ նա ստացել է շուրջ 19,8 մլն դրամ վարկ «Ինեկոբանկից» և ևս 2,1 մլն դրամ՝ «ՀայԷկոնոմԲանկից»։

 

Այս ֆոնին պաշտոնյայի գույքային պատկերը մնում է գրեթե անփոփոխ։ Նրա անունով շարունակում է գրանցված լինել միայն 1994 թվականին ձեռք բերված՝ համատեղ սեփականությամբ բնակարանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և 2003 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան, որը ստացել է նվիրատվությամբ 2018 թվականին։

Հայտարարագրերում չեն երևում բաժնետոմսեր, բիզնեսներում մասնակցություն, ավանդներ, ներդրումներ, կրիպտոարժույթներ կամ այլ թանկարժեք ակտիվներ։ Սակայն, միաժամանակ, փաստաթղթերը վկայում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի տնօրինության տակ տարբեր տարիների եղել են տասնյակ միլիոնավոր դրամների ազատ դրամական միջոցներ։

Արդյունքում, միայն 2024 թվականի վերջի դրությամբ Խանզրադյանի ֆինանսական ակտիվները՝ դրամական միջոցներն ու «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին տրված փոխառությունը, միասին գերազանցել են 43,7 մլն դրամը։ Իսկ 2025 թվականի հայտարարագրում ևս պահպանվում է նույն պատկերը՝ բազմամիլիոնանոց փոխառություն, միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ և զգալի վարկային պարտավորություններ։

 

Մինչ Դավիթ Առաքելյանը զբաղված է քաղաքական քարոզչությամբ, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարման պատասխանատվությունը փաստացի կրող պաշտոնյայի հայտարարագրերը շարունակում են հարցեր առաջացնել ոչ միայն նրա ֆինանսական վարքագծի, այլև տասնյակ միլիոնավոր դրամների ծագման, շրջանառության և օգտագործման տրամաբանության վերաբերյալ»։

Այս թեմայով
am