Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg
Հայաստանը կարող է դառնալ ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքների կարևոր կենտրոններից մեկը։ Այս մասին գրում է Bloomberg-ի լրագրող Մաքենզի Հոքինսը՝ անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների արագ զարգացմանը և դրա աշխարհաքաղաքական նշանակությանը։
Հոդվածի համաձայն՝ դեռ Խորհրդային Միության տարիներին Հայաստանը համարվում էր էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոններից մեկը, իսկ այժմ երկիրը կարող է դառնալ ամերիկյան AI ենթակառուցվածքների կարևոր հանգույց։
Bloomberg-ը գրում է, որ օգոստոսին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird ընկերությունը Հայաստանում գործարկել է տվյալների կենտրոն, որի հզորությունը նախատեսվում է հասցնել 300 մեգավատտի։ Հաջորդ տարվա ավարտին կենտրոնում նախատեսվում է տեղակայել ավելի քան 70 հազար առաջադեմ Nvidia գրաֆիկական պրոցեսորներ։
Հոդվածի համաձայն՝ հաշվողական հզորության մոտ մեկ հինգերորդը նախատեսված է Հայաստանի ներքին կարիքների համար՝ տեղական հետազոտությունների, պետական համակարգի և ստարտափների զարգացման նպատակով, իսկ մնացած մասը հասանելի կլինի օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններին, օրինակ՝ Perplexity-ին։
Firebird-ի տվյալների կենտրոնը կառուցվել է Հրազդանում՝ Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա։ Ընկերության գնահատմամբ՝ այն կարող է դառնալ տարածաշրջանի ամենամեծ հաշվողական կլաստերը և տեղ գտնել Եվրոպայի խոշորագույն կենտրոնների շարքում։
Bloomberg-ի գնահատմամբ՝ այս զարգացումների նշանակությունը դուրս է գալիս տեխնոլոգիական ոլորտի շրջանակներից։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանի ձեռք բերած տնտեսական առավելությունը կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի և հարակից Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ խոշոր տերությունները մրցակցում են ազդեցության համար՝ Եվրոպան և Չինաստանը միմյանց կապող, և Ռուսաստանը շրջանցող ռազմավարական միջանցքի շուրջ։
Nvidia-ի չիպերը՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում
Հոդվածի առանցքային հատվածներից մեկը վերաբերում է Nvidia-ի առաջադեմ չիպերի արտահանման թույլտվություններին և դրանց կապին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հետ։
Bloomberg-ը, վկայակոչելով բանակցություններին ներգրավված անձանց, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը Nvidia-ի արտահանման թույլտվություն ստանալու հնարավորությունը օգտագործել է Հայաստանի հետ բանակցություններում՝ Ադրբեջանի հետ պատմական համաձայնության հասնելու գործընթացն առաջ մղելու համար։
Bloomberg-ը նշում է, որ սա Թրամփի՝ տեխնոլոգիաները դիվանագիտական նպատակների համար օգտագործելու առավել ուշագրավ օրինակներից մեկն է։
Հոդվածում միաժամանակ ընդգծվում է, որ Հայաստանը տարիներ շարունակ աշխատել է տեխնոլոգիական ներդրումների համար հիմքեր ստեղծելու և ԱՄՆ-ի մոտ Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ առկա մտահոգությունները նվազեցնելու ուղղությամբ։
Հայաստանի վարչապետի գրասենյակից Bloomberg-ին հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն ունի Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հստակ մանդատ, իսկ անցած տարի Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում, Հայաստանի համար կարևոր «խաղաղության դիվիդենտներ» են։
Հայաստանի և Nvidia-ի համագործակցությունը
Bloomberg-ը նշում է, որ Հայաստանի համագործակցությունը Nvidia-ի հետ սկսվել է դեռևս 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ընկերության գրասենյակ Սանտա Կլարայում։
2022 թվականին Nvidia-ն Հայաստանում հիմնել է իր ներկայությունը։ Ռուսաստանում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ընկերությունը Մոսկվայից իր ինժեներների մի մասին տեղափոխել է Երևան։
Հոդվածում նշվում է, որ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի՝ 2023 թվականին Հայաստան կատարած այցը նույնպես նպաստել է Firebird-ի ստեղծման հիմքերի ձևավորմանը։
Հայաստանի տեխնոլոգիական ներուժի մասին Bloomberg-ին խոսել է նաև Synopsys-ի՝ Հայաստանում ընկերության ստորաբաժանումը հիմնադրած Ռիչ Գոլդմանը։
«Հայաստանում ինքնիշխանությունն ընդհանուր առմամբ իսկապես կարևոր խնդիր է եղել»՝ անկախացումից ի վեր, ասել է նա՝ հավելելով, որ դա նաև բացատրում է սեփական արհեստական բանականության ենթակառուցվածքներն ունենալու Հայաստանի ձգտումը։
ԱՄՆ-ի մտահոգությունները և արտահանման սահմանափակումները
Bloomberg-ը գրում է, որ Հայաստանի տեխնոլոգիական հավակնությունները սկզբնական շրջանում բախվել են նաև Վաշինգտոնի մտահոգություններին։ ԱՄՆ-ում մտավախություն կար, որ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանին ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաների փոխանցման միջնորդ։
2023 թվականի վերջին Բայդենի վարչակազմը Հայաստանի և ավելի քան 40 այլ երկրների համար սահմանեց ամերիկյան AI չիպերի արտահանման լիցենզավորման պահանջ։
Հոդվածում նշվում է, որ Երևանին այդ ցանկից դուրս գալու ջանքերը արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակել է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ որոշակի չիպերի ձեռքբերման ուղղությամբ։
2024 թվականին ավելի քան վեց ամիս տևած բանակցություններից հետո Երևանի պետական համալսարանի նախագիծը ստացել է Nvidia-ի 64 H100 արագացուցիչների արտահանման թույլտվություն։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ այդ ժամանակ դա տարածաշրջանի ամենամեծ սուպերհամակարգիչն էր։
Այդ գործընթացը նաև Հայաստանին տվել է տվյալների կենտրոնների կառուցման և ամերիկյան արտահանման կանոնակարգերի հետ աշխատանքի անհրաժեշտ փորձը, որն այնուհետև օգտագործվել է Firebird-ի նախագծում։
Տեխնոլոգիաները և TRIPP-ը
Bloomberg-ի համաձայն՝ Nvidia-ի չիպերի արտահանման թույլտվությունները դարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության շուրջ բանակցությունների մաս։
Հոդվածում նշվում է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարևոր տրանսպորտային կապի ստեղծման համար՝ այսպես կոչված Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) ծրագրի շրջանակում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացմամբ՝ TRIPP-ը պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճմանն ու անվտանգությանը, ընդլայնի ԱՄՆ-ի առևտրային հնարավորությունները և մեծացնի տարածաշրջանային առևտուրն ու կապակցվածությունը՝ ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը Եվրոպային կապող նոր տարանցիկ ուղիներ։
Bloomberg-ը գրում է, որ Firebird-ը Nvidia-ի չիպերի ձեռքբերման թույլտվության համար առաջին անգամ դիմել էր 2025 թվականի սկզբին։ Ընկերությունը նախնական ամերիկյան արտոնագրերը ստացել է նույն տարվա օգոստոսին՝ Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովից առաջ։
Nvidia-ից Bloomberg-ին հայտնել են, որ ընկերությունը «վաղուց է ներդրումներ կատարում Հայաստանի ապագայի մեջ»՝ ընդգծելով Հայաստանի տեխնիկական ներուժը և զարգացող նորարարական էկոհամակարգը։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը կարող է ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք իրենց հերթին ամրապնդում են տարածաշրջանային կապերը և կարող են նպաստել երկարաժամկետ կայունության հիմքի ձևավորմանը։
Firebird-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը Bloomberg-ին ասել է, որ խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը պայմաններ են ստեղծում ներդրումների, նորարարության, աճի և գլոբալ գործընկերությունների զարգացման համար։
Bloomberg-ը եզրափակում է՝ Firebird-ի գործունեության մեկնարկը Հայաստանին մոտեցնում է AI հաշվողական հզորությունների համաշխարհային առաջատարների շարքին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է օգոստոսին՝ Սպիտակ տան գագաթնաժողովից ուղիղ մեկ տարի անց՝ օգտագործելով չիպեր, որոնք, ինչպես փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ նշել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «պարզապես գոյություն չունեն երկրների մեծ մասում»։