ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Ներքին գործերի նախարարության ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ, կատարողականը՝ 97.2 մլրդ դրամ: 2025 թվականին  նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր և 24 միջոցառում:

Պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական  քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՆԳ նախարարության 4 ծրագիր իրականացվել է բարձր կատարողականով, 1 ծրագրի կատարողականը 75-89 տոկոսի միջակայքում է եղել, իսկ մեկ այլ ծրագրի կատարողականը 50 տոկոսից ցածր է: Նախնական պլանով նախատեսված էր հատկացնել 108 մլրդ  813 մլն դրամ, կատարողականը եղել է 105 մլրդ դրամ: «Նախորդ տարվա համեմատությամբ ունենք 7 մլրդ 650 մլն դրամ ավելի բյուջե և կատարողական»,- խոսքն ամփոփել է նախարարը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն այնուհետ մանրամասն ներկայացրել է նախարարության իրականացրած ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները:

Նրա խոսքով 2025 թվականին իրականացվել են ծավալուն և համակողմանի աշխատանքներ՝ ուղղված նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը, կարողությունների հետագա հզորացմանն ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Փոխնախարարը ներկայացրել է հաշվետու տարում նախարարության աշխատանքները, անդրադարձել ընթացիկ տարում նախատեսված, ինչպես նաև իրականացվող աշխատանքներին, որոնք վերաբերում էին վիզաների ազատականացման գործընթացին, կենսաչափական անձնագրերին և այլ հարցերի:

Փոխնախարարն անդրադարձել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին՝ արձանագրելով, որ 2-րդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել վերոնշյալ  պատահարների հետևանքով զոհերի թիվը: 2025 թվականին զոհերի թիվը 2024 թվականի համեմատ հաջողվել է կրճատել 50-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 95-ով:

Այս համատեքստում նշվել է, որ հաշվառված տրանսպորտային միջոցների թիվն արդեն  հասել է 1 միլիոնի:

2025 թվականին միայն Քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Կան նախաձեռնված վարույթներ և վերականգնված միջոցներ:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի նորաստեղծ վարչության կողմից բացահայտվել է կեղծ ներդրումային հարթակների միջոցով  համակարգչային հափշտակություններ կատարող 4 հանցավոր խումբ, որոնք առցանց տիրույթում գովազդների միջոցով զբաղվել են խարդախություններով: Նախաձեռնվել է 20 քրեական վարույթ:

Արմեն Մկրտչանն այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին տեսախցիկների միասնական համակարգի ներդրմանը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման դյուրինությանը, արական սեռի անչափահաս քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարումներին, քաղաքացիության ինստիտուտի վերանայմանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին, թմրաշրջանառության ծավալներին և դրա դեմ պայքարին, ավտոմեքենաներում քարսիթների առկայության անհրաժեշտությանը, ինքնագլորներին, ճանապարհատրանսպորտային պատահարներին և այլն:

Համատեղ նիստի մի մասն անցկացվելու է դռնփակ ձևաչափով:

Այս թեմայով
am