Վերահաշվարկի համար դիմել է ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքը

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։

ԿԸՀ հաղորդմամբ, թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։  Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում  կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։

Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։

Այս թեմայով
am