Քաղաքական արթնացում՝ վիրտուալ ձևաչափով

2026-ի նախաշեմին Հայաստանի քաղաքական դաշտը կարծես արթնանում է։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ լռել էին, այսօր կրկին հայտնվել են տեսադաշտում՝ ոչ թե մարդկանց կողքին, այլ սոցցանցերի էկրաններին։ Քաղաքական լռությունը փոխարինվել է թվային աղմուկով, իսկ իրական քաղաքականությունը՝ մեդիա-ակտիվությամբ։
Նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել էին պատասխանատվությունից, հիմա վերադարձել են նոր կարգախոսներով ու նոր հեշթեգներով։ Բայց հասարակությունը նույնն է՝ հոգնած, անվստահ և սոցիալական ծանրության մեջ։ Քաղաքականությունն այսօր ապրում է like-երով, share-երով ու դիտումների թվով, կարծես վարկանիշը որոշվում է ոչ թե վստահությամբ, այլ ալգորիթմով։
Սոցցանցերն այսօր դարձել են քաղաքական հիմնական դաշտը։ Այնտեղ են ձևավորվում «նոր» դիրքորոշումները, գրվում նոր կարգախոսներ, տարածվում հին նկարները նոր մեկնաբանություններով։ Իսկ իրական կյանքում մարդիկ շարունակում են բախվել գնաճի, գործազրկության ու անորոշության հետ։ Տնտեսական վիճակը, որը պիտի մղեր քաղաքականներին կանգնելու ժողովրդի կողքին, վերածվել է վիրտուալ մրցույթի՝ ով կստանա ավելի շատ դիտում։
Այս ակտիվացումը, որքան էլ արտաքինից աշխուժություն հիշեցնի, իրականում բացահայտում է քաղաքական վակուումի խորացումը։ Երբ գաղափար չկա, սկսվում է ինքնապահպանման պայքար։ Ամեն ոք փորձում է հիշեցնել իր գոյության մասին՝ թեկուզ թվային ներկայությամբ։ Բայց հասարակությունը այլևս չի հավատում «վերադարձողներին»․ նա սպասում է նորերին, որոնք խոստումների փոխարեն ներկայություն կունենան։
2026-ի նախընտրական շրջանը պարզելու է՝ ով է իսկապես պատրաստ պատասխանատվության, և ով՝ հերթական անգամ խաղում է վիրտուալ տպավորությունների վրա։ Քաղաքականությունը չի կարող վերածվել like-երի մրցույթի։
Քաղաքական լռությունից դեպի լայքեր անցնելը հեշտ է։ Բայց ժողովուրդը այլևս լայքերով չի չափում լեգիտիմությունը։ Նա սպասում է, որ քաղաքականությունը դուրս գա էկրանից ու վերջապես մտնի իր իրական կյանք։
Մարգարիտ Դավթյան
Մեգանյուզ