Խորհրդանիշ, որ միավորում է. Գագիկ Ծառուկյանը՝ Հատիսի գագաթին ծավալվող մեծ գաղափարի հիմքում

Հայաստանում ընթացող մի նախաձեռնություն օրեցօր դուրս է գալիս պարզապես շինարարական նախագծի սահմաններից՝ դառնալով համաժողովրդական շարժում։ Խոսքն արդեն հանրային լայն արձագանք ստացած Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին է, որը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։
Ծառուկյանի պատկերացրած գաղափարը միտված չէ միայն սիմվոլիկ կառուցման․ այն վերածվում է արժեքային մոբիլիզացիայի հզոր ալիքի։ Արձանը դառնում է ոչ միայն հավատքի մարմնացում, այլ՝ հանրային ներգրավման, ինքնության վերագտման և քաղաքացիական մասնակցության կենդանի հարթակ։
Օր օրի ավելանում են կամավորների թվերը՝ մարզերից, Երևանից, սփյուռքից։ Մարդիկ միանում են սեփական կամքով՝ աջակցելով ոչ միայն ֆիզիկապես, այլև կազմակերպչորեն, մասնագիտական գիտելիքով կամ տեղեկատվական լուսաբանմամբ։ Այս ամենը ձևավորում է նոր մի իրականություն, որտեղ շինարարությունն այլևս միայն ճարտարապետական գործընթաց չէ, այլ հոգևոր ու ազգային վերականգնման հանրային մի գործ։
Ծառուկյանը, իր բնորոշ գործելաոճով, ոչ թե պարզապես նախաձեռնում է, այլ փաստացի կանգնում է իր գաղափարի հետևում՝ ձևավորելով պատասխանատվության ու վստահության մթնոլորտ։ Նա ցույց է տալիս, որ ազգային միավորումը կարող է սկսվել ոչ թե վերևից պարտադրված կարգախոսով, այլ ներքևից ծնված և վեր բարձրացած մասնակցությամբ։
Իհարկե, նախաձեռնությունն անշրջանցելի է նաև իր հասարակական-քաղաքական արձագանքներով․ կան և՛ գովեստ, և՛ քննադատություն։ Բայց փաստը մնում է փաստ՝ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ գաղափարը կարողանում է միավորել տարբեր խավեր, տարբեր աշխարհայացքներ և նույնիսկ՝ սերունդներ։ Հատիսում կառուցվող արձանը կարծես վերածվում է ոչ միայն հոգևոր խորհրդանիշի, այլ նաև նոր վստահության, համախմբվածության և ազգային դիմակայունության արձանի։
Երբ գաղափարը դառնում է իրապես ժողովրդական, այն արդեն դուրս է գալիս քաղաքական պատկանելություններից և վերածվում է նոր արժեքային տարածության։ Եվ երբ այդ տարածքի հիմքում կանգնած է մարդ, ով տարիներով ապացուցել է իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով, ապա հանրային վստահությունն ինքնին դառնում է արձանի մի մասը։
Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի նման խորհրդանիշների կարիքը։
Մարգարիտա Դավթյան
Meganews.am