«Մեր ձևով» շարժումը՝ նոր քաղաքական ուժ, թե անձի շուրջ ստեղծված վստահության ալիք

1,5 ամսում 5000 կամավոր, օրական հարյուրավոր նոր միացողներ և առաջին հրապարակային հայտարարությունները՝ ուղիղ Սամվել Կարապետյանի անունով։ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հստակ արձանագրում է շարժման աճի տեմպն ու դրա առանցքային շարժիչ ուժը՝ Սամվել Կարապետյանի հեղինակությունը։
«Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետևողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր» — հայտարարել է Կարապետյանը։
Այս միտքը բավական հստակ է. գաղափարական ներքին բովանդակությունը դեռ ամբողջությամբ չի բացահայտվում, բայց շարժման հիմքում դրվում է անձը։ Սա նորություն չէ հայաստանյան քաղաքական իրականության համար, սակայն ամեն անգամ այս տիպի շարժումներն ունեն իրենց առանձնահատկությունները։
«Մեր ձևով» շարժման գլխավոր շարժիչ ուժը ոչ այնքան գաղափարախոսությունն է, որքան Սամվել Կարապետյանի անունը։ Սա դասական անձակենտրոն մոդել է, երբ ամբողջ շարժումը կառուցվում է առաջնորդի նկատմամբ վստահության վրա։ Քանի դեռ Կարապետյանը հրապարակավ չի խոսել իր դերի մասին, չի ներկայացրել քաղաքական տեսլական, շարժումը մի փոքր հիշեցնում է սպասման ռեժիմում գործող թիմ՝ պատրաստ՝ առաջնորդի քաղաքական մեկնարկի ազդանշանին։
Հատկանշական էր նաև Նոբելյան մրցանակակիր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի՝ շարժմանը միանալու մասին հայտարարությունը։ Եթե սա հաստատված փաստ է և Աճեմօղլուն իրականում ներառված է շարժման ծրագրերում, ապա խոսքը խոշոր չափերով մտավոր կապիտալի ներգրավման մասին է՝ ինչն աննախադեպ երևույթ կլիներ հայաստանյան քաղաքական պրակտիկայում։ Սակայն եթե այս հայտարարությունը սոսկ անուն գցելու փորձ է՝ առանց Աճեմօղլուի ուղղակի մասնակցության կամ հաստատման, ապա վտանգ կա, որ շարժումը կանգնի վստահության ճգնաժամի առաջ դեռ իր ճանապարհի սկզբում։ Նման կարգի անունների շահարկումը կարող է կարճաժամկետ շահ բերել, բայց երկարաժամկետ կորուստ՝ լեգիտիմության տեսանկյունից։
Հաջորդ շաբաթ նախատեսված է «Մեր ձևով» շարժման հանրահավաքը՝ Ազատության հրապարակում՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Սա շարժման համար լինելու է առանցքային փուլ։ Պայմանականորեն՝ շարժումը դուրս է գալիս փակ հավաքների ու կամավորական կառույցների մակարդակից՝ դեպի հրապարակային քաղաքական դաշտ։ Հարցն այն է՝ արդյո՞ք շարժումը կունենա հստակ ուղերձ, թե՞ կրկին կխոսի միայն վստահության մասին։ Հանրահավաքի պահը կարող է դառնալ «Մեր ձևով»-ի անցումը՝ հասարակական նախաձեռնությունից դեպի քաղաքական գործընթացների իրական դերակատարություն։ Կամ՝ ընդհակառակը, այն կարող է ցույց տալ, որ շարժման հիմքում առայժմ միայն անունն է, իսկ քաղաքական ուղղությունը՝ մշուշոտ։
«Մեր ձևով» շարժումը ներկայում միտումնավոր պահում է ինտրիգը։ Դեռ հստակ չեն գաղափարական առանցքները, չկան հանրային ծրագրեր, բայց կա վստահություն Սամվել Կարապետյանի հանդեպ։ Շարժումը հենվում է երեք առանցքի վրա՝ անձի հեղինակություն, երիտասարդական ներուժ և հնարավոր միջազգային աջակցություն։ Սակայն հստակ է մեկ բան․ եթե շարժումը ցանկանում է երկարաժամկետ ազդեցություն ունենալ, ապա պետք է շատ արագ անցում կատարի անհատական վստահությունից դեպի համակարգային ծրագրեր, իսկ գաղափարական բովանդակության բացակայությունը պետք է լրացվի՝ հստակ տեսլականով։
Հայաստանի ներքաղաքական դաշտը բաց է նոր ուժերի առաջ, սակայն նոր ուժը չի կարող կառուցվել միայն անունների վրա։ Անունը կարող է սկիզբ լինել, բայց առանց հստակ ուղղության՝ այն կդառնա կարճ ալիք, ոչ երկար շարժում։
Աղբյուր՝ Meganews.am
Մարգարիտա Դավթյան