Ի՞նչ էր խանգարում Ձեզ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, որ 4-րդ Հանրապետությունն եք հաստատում․ հարց Փաշինյանին
Լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ինչո՞վ էր խանգարում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր ցանկանում է փակել այդ էջը և հաստատել Հայաստանի 4-րդ Հանրապետությունը՝ հղում անելով համագումարի ընթացքում ընդունված հռչակագրին։
«Երրորդ Հանրապետությունը մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց մենք նոր փուլ ենք թևակոխում։ Եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություններ, դրանցից, թերևս, առաջնայինը խաղաղությունն է։ Նոր կտակարանում ասվում է՝ «Նոր գինին՝ նոր տիկերի մեջ»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ խոսքը գնում է 4-րդ Հանրապետության հաստատման գործընթացի մասին, քանի որ, ըստ իր գնահատման, այն արդեն իսկ հաստատված է։
«Այն հաստատված է խաղաղությամբ, Ալմաթիի հռչակագրի վերահաստատմամբ։ 4-րդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով ու Ոսկեպարի եկեղեցով։ Մենք այդ քաղաքական բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մասը։
Ըստ էության, սա լրացնում է նոր Սահմանադրության մշակման օրակարգը, ինչպես նաև ԵՄ-ին անդամագրվելու ուղղությամբ քայլերի ակտիվացումը»,- հավելեց Փաշինյանը։