Չեչնիայի իշխանությունները մեկնաբանել են Մոսկվայում հայ տղամարդու առևանգումը

Արեգ Շչեպիխինը, որի՝ Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում անհայտ անձանց կողմից առևանգման մասին հաղորդվել էր ավելի վաղ, իրականում չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, հայտնել է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

Նա հայտնել է, որ հունիսի 3-ից ՌԴ ՆԳՆ Չեչենական վարչությունը հետաքննություն է անցկացնում Շչեպիխինի նկատմամբ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով (հավատացյալների զգացմունքները վիրավորելը) և Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում). պատճառը նրա արած հայտարարությունն են։

«Հանցագործ Արեգ Շչեպիխինը, որը բացահայտ, հրապարակայնորեն և բազմիցս կոչ է արել էթնիկ զտումների և նացիզմի, վիրավորել է կրոնն ու Աստծուն, ինչպես նաև  հստակ ծայրահեղական հայացքներ է արտահայտել, չի առևանգվել, այլ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան մարմինների հետ», — գրել է Դուդաևը իր Telegram ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում, մի խումբ տղամարդիկ առևանգել են հայ գործարար Արեգ Շչեպիխինին, որը, ինչպես նշված է նրա սոցիալական ցանցերում, աշխատում է Корпорация «МСП» ԲԲԸ-ում: Վերջինս օգնության է կանչել անցորդներին և խնդրել զանգահարել ոստիկանություն, հայտնում է svoboda.org-ը՝ ռուսական թելեգրամյան ալիքներին հղումով:

39-ամյա Շչեպիխինն ինստագրամյան էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում վիրավորել է չեչեններին, Ալլահին և Ղուրանը։ Դրանից հետո չեչեն բլոգերները պահանջել են գտնել տղամարդուն։

Շչեպիխինի առևանգման վերաբերյալ SOTA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ երեքշաբթի ավելի վաղ հայտնի չեչեն բլոգեր Սախաբ Մակալովը կիսվել էր Արեգ Շչեպիխինի՝ չեչենների նկատմամբ վիրավորանքների մասին տեսանյութով: Ավելի ուշ Մակալովը հրապարակել էր գործարարի  առևանգման տեսանյութը:

Մի շարք առցանց հրատարակություններ, այդ թվում՝ BAZA-ն, գրում են, որ առևանգված տղամարդուն Մոսկվայի կենտրոնից տարել են մեքենայի բեռնախցիկում։ SOTA-ն նշում է, որ մեքենան ուներ համարանիշ, որը գրանցված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունում։ Այժմ Շչեպիխինի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն կամ մեկնաբանություններ չկան։

Այս թեմայով
am