Տրանսգենդեր օպերա, Ուհանի լաբորատորիայի հետազոտություն, հերոինի արտադրություն․ Սպիտակ տունը ներկայացրել է՝ ինչ ծրագրերի է ուղղել միլիոնավոր դոլարները USAID-ը

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անպատասխանատու է գտնվել հարկատուների առաջ, առանց վերահսկողության հսկայական գումարներ է տրամադրել ծիծաղելի և չարամիտ ծրագրերին։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ Սպիտակ տնից նշել են USAID-ի կողմից իրենց նշած արարքների մի քանի օրինակ․
«- 1,5 միլիոն դոլար Սերբիայի աշխատավայրերում և բիզնես համայնքներում հավասարությունը և ներառականությունը զարգացնելու համար,
- 70,000 դոլար՝ Իռլանդիայում հավասարության և ներառականության վերաբերյալ մյուզիքլի արտադրության համար,
- 2,5 միլիոն դոլար՝ Վիետնամում էլեկտրական մեքենաների արտադրման համար,
- 47,000 դոլար՝ Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» համար,
- 32,000 դոլար՝ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» համար,
- 2 միլիոն դոլար՝ Գվատեմալայում սեռափոխության և ԼԳԲՏ ակտիվիզմի համար,
- 6 միլիոն դոլար՝ Եգիպտոսում զբոսաշրջության ֆինանսավորման համար,
- Հարյուր հազարավոր դոլարներ շահույթ չհետապնդող կազմակերպության համար, որը կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ,
- միլիոնավոր դոլարներ՝ EcoHealth Alliance-ին, որը ներգրավված էր Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում հետազոտության մեջ,
- Հարյուր հազարավոր սննդի փաթեթներ՝ Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինյալների համար,
- Զարգացող երկրներում անհատականացված հակաբեղմնավորիչների ֆինանսավորում,
-Հարյուր միլիոնավոր դոլարներ՝ Աֆղանստանում ոռոգման ջրանցքների, գյուղատնտեսական սարքավորումների և պարարտանյութերի ֆինանսավորման համար, որոնք օգտագործվում են հերոինի արտադրության համար՝ հօգուտ թալիբներին», - ասված է հաղորդագրության մեջ: