Ինչու է Չեխովի դպրոցում տնօրեն տեղավորված` Ավինյանի ընկերոջ կինը քողարկում աշակերտներին «վիժվածք» ասող ու անհարկի վիրավորող ուսուցչին. NEWSPRESS.am
NEWSPRESS.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել առ այն, որ Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցում ուսուցիչները երեխաների հետ այնքան էլ լավ չեն վարվում։ Իսկ ավելի կոնկրետ` մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Կարախանյանը, ով նաև 9/3 դասարանի դասղեկն է, անպարկեշտ արտահայտություններով վիրավորում է երեխաներին։
Թե քանի անգամ է այս ուսուցչուհին երեխաներին վիրավորել ու անհարկի կշտամբել, դրան թերևս դեռ կանդրադառնանք, մինչ այդ անդրադառնանք վերջին դեպքերին։
Նախորդ տարվա գարնանը, երեխաների դժգոհությունների հիման վրա, ծնողները դիմել են տնօրեն Դիանա Մինասյանին։ Բանն այն է, որ նրանց երեխաների դասղեկ Գայանե Կարախանյանը երեխաներին անվանել է «վիժվածքներ», իսկ հետո արդարացել, թե իբր վիժվածք՝ նշանակում է «սրիկա»։
Իհարկե, պետք չէ լինել լեզվաբան, որպեսզի հասկանալ, թե ինչ է նշանակում վիժվածք։ Եթե անգամ որևէ մեկը չի կարող վերծանել, թե ինչ բառարմատներից է կազմված հիշյալ բառը, ապա բավական է բացել բացատրական բառարանը և սևով սպիտակի վրա կարդալ․
վիժվածք
- արտավիժված նյութ, վիժելով դուրս նետված պտուղը՝ սաղմ․․․
սրա հոմանիշներն են
-վիժուկ, վիժմունք, թերածին․․․
Այժմ հանգիստ թողնենք բառի ստուգաբանությունն ու վերադառնանք մանկավարժի կոչում ստացած Կարախանյան Գայանեի մեկ այլ պահվածքին։
Մեր տեղեկություններով` նա ակնոց կրող երեխաներին ամբողջ դասարանի մոտ, վիրավորական տոնով, անվանում է «աչկարիկ»։
Մի խոսքով` երբ ծնողները հիշյալ ու էլի մի քանի հարցերով դիմում են տնօրենին, վերջինս առանց երկմտելու ազատում է նրան դասղեկի պաշտոնից ու տվյալ դասարանում դասավանդելու հնարավորությունից։
Ու մինչ ծնողներն ու երեխաները վայելում էին տնօրենի «արդար» որոշման արդյունքը, մի քանի ամիս անց` արդեն սեպտեմբերի 1-ին, պարզվեց, որ դասարանը դարձյալ անցել է Կարախանյանի դասղեկության ներքո, և նա դարձյալ դասավանդելու է։
NEWSPRESS.am-ը տեղեկացավ, որ մի քանի ծնող, ովքեր իրենց երեխաներին Կարախանյանի մոտ ուղարկում են մասնավոր պարապմունքների, հենց Կարախանյանի հորդորով էլ դիմել են տնօրենին և խնդրել վերադարձնել նրան՝ ասելով, թե՝ մի քանի երեխայի պատճառով իրենց երեխաներն էլ չեն տուժելու։
Իհարկե, պարզ է, թե ինչ կանեին այդ ծնողները, եթե տվյալ ուսուցիչն իրենց երեխաներին ասեր վիժվածք, բայց նրանք լրացուցիչ գումար են տալիս Կարախանյանին՝ իրենց երեխաներին «քաղցր աչքով» նայելու համար՝ դրա անունը դնելով արտաուսումնական կամ մասնավոր պարապմունք։
Ինչևէ․․․ այստեղ խնդիրը նաև այն է, որ տնօրենը, ով դեռ մի քանի ամիս առաջ կտրականապես որոշում էր կայացրել՝ ուսուցչի պահվածքը գնահատելով մանկավարժին անվայել պահվածք, այժմ նույն սկզբունքով էլ պնդում է, որ ուսուցչի արարքի մեջ ոչ մի վիրավորական քայլ չկա։
Մեկնաբանությունները թողնելով ընթեցողին ու այս խնդրի վրա հրավիրելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի ուշադրությունը` հիշեցնենք նաև, որ խոսքը դպրոցի այն նույն տնօրենի մասին է, ում նշանակմանը դեմ էր ամբողջ դպրոցը և ով «զոռբայությամբ», չորրորդ փորձից հետո, ի վերջո, դարձավ տնօրեն։
Տեղեկություններ կան նաև, որ Դիանա Մինասյանը փոխքաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Չար լեզուներն ասում են, որ նաև Ավինյանի միջնոդությամբ է Դիանան դարձել տնօրեն։ Եվ ոչ միայն նրա․ տնօրենի քույրն աշխատում է կառավարությունում։
Արմինե Մկրտումյան
Սկզբնաղբյուր`NEWSPRESS.am