Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող օրենքի նախագիծը

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրակարգային հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը ելույթի սկզբում խոսել է 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովում ընդունված հռչակագրի մասին, որով արձանագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Արձանագրվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքային հաղորդակցությունները բացելու կարևորությունն այն ըմբռնումով, որ կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հիման վրա, այս հաղորդակցությունները կենսական հանգույց կդառնան արևելք-արևմուտք ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։

2026 թվականի հունվարի 13-ին Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրեցին ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ անվամբ փաստաթուղթը։ «Բավականին շահարկումներ կային նախագծի առնչությամբ։ Ահա այդ իրականացման փաստաթուղթը խոսուն և վճռականորեն փարատեց բազմաթիվ մտահոգություններ։ Այդ փաստաթղթից հետո բանակցությունները շարունակվեցին, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների կողմից ստորագրվեց այս համաձայնագիրը»,- նշել է նախարարն ու հավելել, որ համաձայնագիրն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Արարատ Միրզոյանը, որոշ դրույթների անդրադառնալով, փաստաթղթի աշխարհաքաղաքական և անմիջական օգուտներից է խոսել, կարևորել Հայաստանի ապաշրջափակումը, երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորությունները, Հայաստանի կապը և՛ արևելքի, և՛ արևմուտքի հետ, խաղաղության ամրապնդումը և այլ նշանակալի հանգամանքներ։ 

Գերատեսչության ղեկավարի խոսքով սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, նպատակն է նյութականացնել վերը նշվածը, կանոնակարգել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրումն ու հետագա կառավարումը։

«Որևէ ենթակառուցվածք, որ գործելու է, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է, ամբողջությամբ և դետալներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո կամ դրանց շրջանակում։ Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, ՀՀ բացարձակ իրավազորությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Արարատ Միրզոյանը։ 

Հաշվի առնելով մի շարք շահարկումներ անվտանգային հարցերի մասով՝ նախարարը փաստել է՝ հաստատվում է ՀՀ-ի ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։ Նա ներկայացրել է փաստաթղթի դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների ու մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և իր սահմանային հսկողության բոլոր կետերում ունի ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք: 

Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար՝

​ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,

​բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,

​գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,

​դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,

​ե) տեղեկատվական համակարգեր, 

​զ) պետական վարչարարություն և վերահսկողություն:

Արարատ Միրզոյանը բարձրաձայնել է նաև մի շարք դրույթներ, որոնք վերաբերել են ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կառավարմանը, դրա բաժնեմասերի բաշխմանը, պարզաբանել մի շարք հանգամանքներ։ 

Բաժնեմասերի բաշխումը կլինի հետևյալ ձևաչափով՝ ԱՄՆ-ն կունենա ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոսը: Այս կարգավորումը կգործի 49 տարով: Կողմերը կարող են երկարաձգել իրենց իրավահարաբերությունները, և այս դեպքում ՀՀ բաժնեմասը միանգամից կդառնա 49, իսկ ԱՄՆ-ինը՝ 51 տոկոս։

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ։

Ընդդիմադիր պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր, մտավախություն հայտնել Հայաստանի համար համաձայնագրի դրույթների շահավետության մասով։ «Փոխշահավետությունն է ամեն ինչի գրավականը՝ և՛ հաջողության, և՛ խաղաղության գրավականը։ Մենք շահ ունենք, և Ադրբեջանը շահ ունի։ Ավելին ասեմ՝ բազմաթիվ երրորդ երկրներ էլ շահ ունեն»,- ընդգծել է նախարար Արարատ Միրզոյանն ու որոշ մտահոգությունների արձագանքելով՝ փաստել․«Ադրբեջանն արդեն իր ենթակառուցվածքները տրամադրել է Հայաստանին․ այսօր Հայաստանն օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տարանցման համար»։

Հարցուպատասխանի ու ելույթների ձևաչափում անդրադարձ է եղել բովանդակային և տեխնիկական բնույթի բազմաթիվ հարցերի, դրանց թվում են համաձայնագրի իրականացման շրջանակում օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը, տարանցիկության ապահովման պարագայում տնտեսական օգուտները, ենթակառուցվածքների անվտանգությունը, արտակարգ իրավիճակներում Հայաստանի իրավունքները, ԹՐԻՓՓ-ի շինարարական աշխատանքների ընթացքը, խաղաղության գործընթացի և ԹՐԻՓՓ-ի իրականացման միաժամանակության հարցը, սահմանային կետերի աշխատանքի կազմակերպումը, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական և այլ բնույթի խնդիրները։

Ի պատասխան հարցադրումների՝ նախարարը պարզաբանել է․ «Ադրբեջանն իրավունք է ստանալու ՀՀ տարածքով անցնելու Նախիջևան, Ադրբեջանը կապվելու է մեր տարածքով երրորդ երկրների հետ։ ՀՀ-ն ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը՝ կապվելու, օրինակ՝ երկաթուղային իմաստով, Երասխից Մեղրի և հյուսիսը հարավի հետ, կապվելու Ադրբեջանի տարածքով ենթակառուցվածքներով երրորդ երկրների հետ։ Սա է փոխադարձությունը»։

Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախագիծն անկյունաքարային նշանակության է համարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ նման ծավալի համագործակցություն չկա երկու երկրների միջև։ «Աշխարհի թիվ մեկ գերտերությունը հսկայական ներդրումներ է պատրաստվում անել, և Հայաստանի համար բացվում է հարյուրամյա ապագայի հեռանկար»,- նշել է հանձնաժողովի նախագահը։ 

Ելույթի ավարտին դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Սարգիս Խանդանյանն արձանագրել է․ «Հույսը մի դրեք ինչ-որ կերպ ձգձգվող գործընթացի վրա, որ խաղաղության գործընթացը չստացվի։ Ստացվելու է խաղաղության գործընթացը, արդեն ստացվել է, և այս նախագծի վավերացումն այդ խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու հերթական կարևոր անկյունաքարն է»։ 

Եզրափակիչ ելույթում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է հնչած տեսակետներին ու մտահոգություններին։

Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Այս թեմայով
am