Երևանում ուժեղացված հսկողություն է․ 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ տարածք
Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայությունը հերթական դրական արդյունքն է տվել։ Պարեկային ծառայողների թիրախային միջոցառումների արդյունքնում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։
Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Մասնավորապես, հայտնաբերվել են անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու, առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, զերծ մնալ հաշվառման համարանիշերը փակելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։