Վասակ Վարդանյանը ամիսներ շարունակ ղեկավարեց Կոտայքը, բայց մարզպետի պաշտոնը վստահվեց Լիլիթ Ստեփանյանին․ ո՞րն է այս որոշման իրական հիմնավորումը
Լրագրող Մարգարիտա Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լիլիթ Ստեփանյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակմանը՝ հարց բարձրացնելով Վասակ Վարդանյանի ամիսներ շարունակ կատարած աշխատանքի և կադրային փոփոխության հիմնավորումների վերաբերյալ։
Մեգանյուզը դեռ օգոստոսին էր գրել, որ Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ, իսկ Ահարոն Սահակյանը կվերցնի պատգամավորական մանդատը։
Ամիսներ շարունակ անձամբ փորձել ենք ճշտել այս տեղեկությունը Լիլիթ Ստեփանյանից, սակայն նա հերքել է՝ պնդելով, որ նման քննարկումներ չեն եղել, և ինքը մանդատը վայր դնելու մտադրություն չունի։
Այդ հերքումների ֆոնին մեր ուշադրության կենտրոնում էր նաև Վասակ Վարդանյանը, որը ամիսներ շարունակ կատարում է մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները՝ համակարգելով մարզի աշխատանքներն ու մասնակցելով պաշտոնական միջոցառումներին։ Հույս ունեինք, որ մարզի կառավարումը վստահված կլինի հենց նրան, ով այս ընթացքում գործնականում իրականացրել է այդ պատասխանատվությունը։
Սակայն այսօր ՔՊ վարչության նիստից հետո մեր ամիսներ առաջ հրապարակած տեղեկությունը դարձավ իրականություն․ Լիլիթ Ստեփանյանին վստահվելու է Կոտայքի մարզի ղեկավարումը։
Եվ այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում․ ի՞նչ նոր բան կարող է առաջարկել Լիլիթ Ստեփանյանը Կոտայքին, որը Վասակ Վարդանյանը չի կարողացել կամ հնարավորություն չի ունեցել իրականացնել՝ իր փորձով ու այս ընթացքում ստանձնած պարտականություններով։
Եթե մարզային կառավարման համակարգն աշխատել է, պարտականությունները կատարվել են, ապա ո՞րն է այս փոփոխության իրական հիմնավորումը։
Մեգանյուզը դեռ օգոստոսին էր գրել սպասվող նշանակման մասին։ Այդ ժամանակ՝ հերքումներ, այսօր՝ նոր իրողություն։
Իսկ Կոտայքի համար գլխավոր հարցը շարունակում է մնալ նույնը՝ ոչ թե ով կնստի մարզպետի աթոռին, այլ ինչո՞վ կարդարացնի այդ վստահությունը։