Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Բոտսվանայի Հանրապետության կողմից։
Այս մասին Թամամյանը հայտնել է սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և երկրի կառավարությանը՝ վստահության համար։
Թամամյանը նշել է, որ իր տեսլականն է ունենալ ավելի ուժեղ, արագ և արդյունավետ գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, որը սերտորեն կհամագործակցի անդամ պետությունների հետ՝ ապահովելով առողջապահական առաջընթացի հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար։
Նա առաջիկա ամիսներին նախատեսում է հանդիպել և քննարկումներ անցկացնել աշխարհի տարբեր տարածաշրջանների անդամ պետությունների ներկայացուցիչների հետ։