Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս

« Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան։

Սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը։

Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Դրանցից կարևորներից է այն, որ բաժանարար գծեր ընդդիմության և հասարակության միջև պետք է ոչ թե ստեղծել կամ եղածները խորացնել, այլ վերացնել դրանք:

Վերջին չորս ամիսների ընթացքում մենք արել ենք կոնկրետ գործեր, որոնք հիմա անհրաժեշտ են Հայաստանին: Դրանց թվում զգալի մաս վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մեր քաղաքացիների պաշտպանությանը` տարբեր գյուղերում իրականացրել ենք նոր փաստահավաք աշխատանքներ, նախապատրաստել ենք մի քանի տասնյակ կոնկրետ գործեր մեր երկրի տարածքների օկուպացիայի, մեր ժողովրդի նկատմամբ շարունակվող մյուս հանցանքների վերաբերյալ:

Ներկայում հատուկ [պաշտոնական] ընթացակարգերով դիմում ենք միջազգային կառույցներին` այս հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։

Հ.Գ. Ու քանի որ մենք հաշվետու ենք հանրությանը, առաջիկայում կներկայացնենք այս աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք դրանք պատրաստում հրապարակման և ինչպես ենք ներկայացրել միջազգային կառույցներին»։

Այս թեմայով
am