Լռություն, որն ավելի բարձր է գոռում, քան փողը. որտե՞ղ է Ծառուկյանի «հավատարիմ» բանակը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող քրեական գործընթացը վաղուց դուրս է եկել մեկ անձի դատական պատմության շրջանակներից։ Հուլիսի 7-ին նրան կալանավորեցին, իսկ սեպտեմբերի 4-ին դատարանը կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։
Դատարանի բակում, այո՛, հայտնվում են աջակիցներ։ Սեպտեմբերի 3-ին, օրինակ, Ծառուկյանի համակիրները կրկին հավաքվել էին դատարանի մոտ և հրապարակայնորեն իրենց աջակցությունն էին հայտնում նրան։
Բայց այստեղ էլ հարցն ավելի լայն է, քան պարզապես՝ «քանի մարդ էր դատարանի բակում»։
Ո՞ւր է քաղաքական ընդդիմությունը։
Ո՞ւր են այն բարձրագոչ հայտարարությունները, որոնք տարիներ շարունակ սոցիալական ցանցերում գրեթե յուրաքանչյուր քաղաքական իրադարձության ուղեկցում էին։ Ո՞ւր են տասնյակ գրառումները, տեսաուղերձները, շտապ ասուլիսները, հրապարակային պահանջները, փողոցային քաղաքականության մասին խոստումները։
Այսօր տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմադիր դաշտի մի զգալի հատված որոշել է հետևել իրադարձություններին հեռվից։ Լուռ։ Զգուշավոր։ Գրեթե աննկատ։
Իհարկե, արդարացի է ասել, որ ընդդիմությունը երբեք էլ առանձնապես միասնական ու մշտապես ակտիվ քաղաքական ուժի տպավորություն չի թողել։ Բայց Ծառուկյանի դեպքում խոսքը նաև այն մասին է, որ նրա շուրջ ձևավորված աջակցության հանրային պատկերը տարիներ շարունակ ներկայացվել է որպես բավական լայն ու ազդեցիկ։
Եվ հիմա ամենահետաքրքիր հակասությունն է առաջանում։
Եթե դատարանի բակում ամեն դատական նիստի ժամանակ մարդիկ կան, եթե կան «ազատություն Ծառուկյանին» վանկարկումներ, եթե ընտանիքի անդամները հրապարակայնորեն խոսում են տեղի ունեցողի մասին, ապա ինչո՞ւ քաղաքական դաշտում այդ ձայնը գրեթե չի վերածվում քաղաքական օրակարգի։
Գուցե այն հազարավոր սատարողներն իսկապես կան, բայց նրանց քաղաքական ազդեցությունը սահմանափակվում է դատարանի բակով։
Գուցե սոցիալական ցանցերի պաթոսն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրական քաղաքական պատասխանատվությունը։
Իսկ գուցե պարզապես փող չկա։
Սա արդեն այն հարցն է, որի պատասխանը քաղաքական ուժերը պետք է տան ոչ թե լրագրողներին, այլ իրենց սեփական համակիրներին։
Որովհետև քաղաքական աջակցությունը միայն դատարանի բակում կանգնելը չէ։ Աջակցությունը նաև հանրային խոսք է, կազմակերպված քաղաքական գործողություն, հետևողական դիրքորոշում և պատրաստակամություն՝ սեփական հայտարարությունների հետևանքները կրելու։
Այս պահին Ծառուկյանի գործի շուրջ այդ ամենի փոխարեն ավելի շատ նկատվում է տարօրինակ լռություն։
Ու սա հատկապես ուշագրավ է այն ֆոնին, որ իշխանությունների գործողությունների վերաբերյալ արդեն իսկ կան միմյանցից տարբեր գնահատականներ։ Իրավապահ մարմինները Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեջ, հետագայում նաև՝ հարկերից խուսափելու մեջ, մինչդեռ նրա պաշտպանական կողմը մեղադրանքները համարում է անհիմն և դրանք վիճարկում է։
Այսինքն՝ քաղաքական ուժերի համար այստեղ կա մի պարզ ընտրություն՝ կա՛մ հրապարակային ներկայացնել իրենց դիրքորոշումը և փաստարկները, կա՛մ լռել։
Բայց լռությունն էլ քաղաքական դիրքորոշում է։
Եվ երբ մի գործով դատարանի դռների առաջ մարդիկ պարբերաբար հավաքվում են, իսկ քաղաքական ընդդիմության մեծ մասը կարծես դիտորդի կարգավիճակում է, անխուսափելիորեն առաջանում է մեկ այլ հարց.
Գուցե խնդիրը ոչ թե այն է, որ Ծառուկյանի կողքին քիչ մարդ կա, այլ այն, որ նրա կողքին կանգնելու քաղաքական գինը չափազանց բարձր է դարձել։
Իսկ եթե այդպես է, ապա պետք է հասկանալ՝ որտեղ է ավարտվում սկզբունքայնությունը, որտեղ է սկսվում քաղաքական հաշվարկը, և արդյոք ընդդիմադիր դաշտը դեռ ունի այն ռեսուրսը, որի մասին այդքան բարձրաձայն խոսում էր տարիներ շարունակ։
Որովհետև Facebook-ում գրառում չանելու պատճառները շատ կարող են լինել։
Բայց երբ լռում է գրեթե ամբողջ քաղաքական դաշտը, արդեն կարելի է հարցնել ոչ միայն՝ «որտե՞ղ են ընդդիմադիրները», այլև՝ «ի՞նչ է մնացել ընդդիմությունից»։
Մարգարիտա Դավթյան